Անհրաժեշտ է մարդկանց արդարություն տալ, եւ հանուն բանակի ժողովրդական վերելք կտեսնենք: Այս մասին նոյեմբերի 15-ին՝ ԱԺ-ում հայտարարել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ելույթ ունենալով  հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողներին ապահովագրական վճարումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանը: Այդ նպատակով Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից հազար դրամ կպահվի:

Ուրիխանյանի խոսքով՝ եթե մարդիկ տեսնեն, որ պետությունը միջոցները չի վատնում գերատեսչական հուշանվերային պատառաքաղների պետպատվերների կամ գերատեսչական համերգների վրա, որ այդ փողերը չեն գնում թանկարժեք ծառայողական մեքենաներին կամ պետական թենդերների մատակարարների գրպանը, այդ ժամանակ կհավատան, որ այն ըստ նշանակության կտնօրինի նաեւ իրենց նվիրատվությունը: «Իսկ մարդիկ պատրաստ են կամավոր ավելի շատ ներդնել: Մենք դա տեսանք նաեւ 2016-ի ապրիլին: Մեր ժողովուրդն այդպիսին է, որն իրեն փառքով է պսակել»,- հավելեց Ուրիխանյանը: