Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կարծես խուսափում է խոսել «1000 դրամների» մասին նախագծից:
NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ դեմ եք այդ նախագծին, Մանվել Գրիգորյանն իրեն հատուկ բառապաշարով պատասխանեց. «Ղալաթ են անում էդ ասողները»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «1000 դրամների» աղմուկ հանած նախագծին ի սկզբանե դեմ է եղել ԱԺ գեներալիտետը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն անգամ զրույց են ունեցել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն, անսալով վերջինիս խնդրանքներին, Սարոյանն ԱԺ-ում «պաշտպանական» ելույթ է ունեցել, իսկ Մանվել Գրիգորյանն անդրդվելի է մնացել։ Նա, մասնավորապես, ասել էր. «Կարող ա մեկը՝ օրինակ ես, 10 հազար տամ ամիսը, բայց դե՝ պարտադիր... ես հիմա չգիտեմ՝ ով ինչ, բայց դե՝ մի քիչ էլ խղճին մոտիկ պիտի լինի»,- ասել է գեներալը, ապա փոքր-ինչ խմբագրել ինքն իրեն. «Եթե մեր զոհվածի, մեր պաշտպանության համար է, պիտի անենք, անկախ նրանից՝ պարտադիր կլինի, թե ոնց, մի ձեւ պիտի դարձնենք»։




























