Իշխանությունը սահմանափակում է ընտրողի իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել կլանավորված ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ քանդակագործ Անահիտ Թարխանյանը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սույն թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել այնուհետեւ կալանավորվել էին հայտնի քաղաքական գործիչներ` Արմեն Մարտիրոսյանը, Անդրաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խորշուդյանը, Դավիթ Հովհանիսյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:
Նշված շինծու եւ արդեն իսկ տապալված քրեական հետապնդմամբ իշխանությունը նպատակ է հետապնդում սահմանափակելու տղաների քաղաքական գործունեությունը:
Առաջիկայում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ եւ մինչ այդ տղաների նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու, իսկ կալանքի տակ գտնվողներին ազատ չարձակելու եւ դրանով պառլամենտական ընտրություններին նրանց մասնակցությունը տապալելու համար իշխանությունները փորձում են շինծու եւ արդեն իսկ տապալված քրեական գործին նոր «շունչ» տալ` նախկինում մի քանի անգամ խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված, ինչպես նաեւ հոգեկան խանգարում ունենալու պատճառով հարկադիր բուժման ենթարկված անձի սուտ վկայություններով:
Իշխանությունների նման գործողությունները` քաղաքական նպատակով քրեական հետապնդումը, ոչ միայն ուղղված է տղաների դեմ, այլ նաեւ հանրության, ընտրողների, քանի որ սահմանափակում է մեր իրավունքը ազատ ընտրություն կատարելու հարցում»:




























