ՀՀ պետական գիտական կազմակերպություններից եւ բուհերից շուրջ 30-ը կարող են արդյունավետորեն մասնակցել եվրոպական «Հորիզոն-2020» ծրագրի տարբեր գերակայությունների շրջանակներում անցկացող թեմատիկ մրցույթներին»։ Այս մասին նոյեմբերի 17–ին լրագրողներին ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով Արեւելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական երկխոսության ձեւաչափով հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանդիպման արդյունքները։
«Դարերով մեր փոքրիկ երկիրը գտնվել է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում՝ ունենալով կորուստներ, բայց եւ շահելով այդ քաղաքակրթությունների երկխոսություներից: Հավատում ենք, որ «Հորիզոն-2020» ծրագրին անդամակցելուց հետո մեր գիտակրթական համակարգը մեծ հնարավորություններ կունենա ինտեգրվել եվրոպական գիտակրթական համայնքին», - ասաց ԿԳ նախարարը:
«Հորիզոն-2020» ծրագիրն իրականացվում է 2014 թվականից եւ շարունակվելու է մինչեւ 2020 թվականը: Ծրագիրն ընդգրկում է երեք գերակա ուղղություն՝ գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն, հասարակական մարտահրավերներ: «Հորիզոն-2020» ծրագրի գերակայությունները նպատակաուղղված են խրախուսելու եւ ֆինասավորելու հետեւյալ նախաձեռնությունները՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների իրականացում՝ ներգրավելով եւ պահպանելով բարձր մասնագիտական որակավորում ունեցող հետազոտություններին եւ զարգացնելով լավագույն հետազոտական ենթակառուցվածքները, կարեւորագույն տեխնոլոգիաների զարգացում, հետազոտությունների եւ մշակումների բնագավառում մասնավոր ներդրումների մակարդակի բարձրացում՝ Եվրոպայում փոքր եւ միջին նորարարական ձեռնարկությունների աջակցության ապահովման եղանակով, հասարակությանը եւ քաղաքացիներին ուղղված հետազոտությունների, ինչպես նաեւ կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին առնչվող նորարարական նախաձեռնությունների աջակցություն:
ԿԳ նախարարի խոսքով բացի վերոհիշյալ գերակայություններից, «Հորիզոն-2020» ծրագիրն ունի նաեւ հատուկ նպատակներ՝ գերազանցության տարածում, մասնակիցների շրջանակի ընդլայնում, ինչպես նաեւ հասարակական գործընթացներում գիտության դերի արժեւորում: «Հաշվի առնելով ծրագրի մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ ԵՄ կողմից իրականաված ԵՄ 7-րդ շրջանակային (FP7) ծրագրի արդյուքները՝ ՀՀ պետական գիտական կազմակերպություններից եւ բուհերից շուրջ 30-ը կարող են արդյունավետորեն մասնակցել «Հորիզոն-2020» ծրագրի տարբեր գերակայությունների շրջանակներում անցկացվող թեմատիկ մրցույթներին», – հավելեց Լեւոն Մկրտչյանը:
Արեւելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձեւաչափով հանդիպմանը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին, մասնակցել են Հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության եւ սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելառուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը, Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020) միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թ.-ի մայիսի 19-ին, վավերացվել է Ազգային ժողովի կողմից եւ ուժի մեջ է մտել 2016թ.-ի նոյեմբերի 12-ին:




























