Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ոչ պատշաճ հսկողության բացակայության պատճառով հարեւանը շեղվել է շինթույտվության նախագծից՝ խախտելով իմ սեփականության իրավունքը եւ խարխլելով իմ տունը: Այս մասին Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակում գրել է մայրաքաղաքի բնակչուհի Գայանե Գեւորգյանը:
Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.
«Պատկից հարեւանս, օգտվելով իմ Հանրապետությունից բացակայելու հանգամանքից, քանդել է իմ սեփականությունը հանդիսացող տան պատը, կալոնաները եւ պանելները մխրճել իմ տան պատի մեջ՝ ստեղծելով վթարային վիճակ: Երկու տան ծանրությունից մի փոքր ցնցում՝ իմ տունը կփլվի: Իմ տան պատը 3 կողմից ճաք է տվել, իսկ հարեւանի նկուղում պատը կիսաքանդ քանդված, թափված է:
Վեց տարի է` պայքարում եմ իմ իրավունքների խախտումները վերացնելու համար, բայց ապարդյուն, որովհետեւ մի կողմում ես եմ, մյուս կողմից կոռումպացված պաշտոնյաները: Գործը քննվում է Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում: Հարուցվել է քրեական գործ, ինձ ճանաչել են տուժող կողմ, բայց չի կիրառվում հոդվածը, քանի որ ըստ իրենց լծակ չունեն պաշտոնյաներին պատժելու համար, այն դեպքում, որ Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ի դատական փորձագետի կողմից տրվել է եզրակացություն, որ քաղաքապետարանի եւ թաղապետարանի ոչ պատշաճ հսկողության պատճառով հարեւանը շեղվել է շինթույտվությունից, մտել է իմ տան պատի մեջ` կատարելով քաղաքաշինության նորմերի կոպիտ խախտում, պահանջվում է խարսխված մասերը քանդել եւ միաժամանակ քաղաքաշինության նախարարությունից ուղարկվել է գրություն խարսխված մասերը նույնպես քանդել:
Այս ամենը կատարվել է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ոչ պատշաճ հսկողության բացակայության պատճառով, չնայած իմ բազմաթիվ ահազանգերին: Հարեւանը շեղվել է շինթույտվության նախագծից՝ խախտելով իմ սեփականության իրավունքը եւ խարխլելով իմ տունը: Ես գիտեմ` խիստ է օրենքը, բայց օրենք է բոլորի համար: Քաղաքապետարանի եւ թաղապետարանի աշխատողներն իրենց պաշտոնները ստացել են ժողովրդին ծառայելու համար, սակայն աթոռներն են ծառայեցնում իրենց բարեկեցության համար, իսկ ինչ է պատասխանում մեր հարգարժան քաղաքապետը, որ շինթույտվությունը թողնվել է ուժի մեջ, ըստ վարչական դատարանի որոշման:
Այո, շինթույտվությունը թողնվել է ուժի մեջ, որտեղ հստակ տրված է ըստ Երեւաննախագիծ ինստիտուտի փորձագիտական եզրակացության, որ 2 տները իրարից գտնվում են այնքան հեռու, որ չեն հատում սահմանագիծը եւ հիմքերը չեն հպվում իրար: Քաղաքապետը ժողովրդի շահերը պաշտպանող անձ է, ինչպե՞ս կարող է չպատժել Քանաքեռ-Զեյթուն թաղապետին, նրա շինվարչության պետ Կոբալյանին, կամ քաղաքապետարանի հողի վերահսկողության պետ Ասատրյան Հայկին, որոնք պատշաճ վերահսկողություն չսահմանելով` 100 նամակի պատասխան են ուղարկել, խախտում չկա, 6 տարի շարունակ խախտելով Սահմանադրությունը` թույլ են տվել, որ քաղաքացին քանդի հարեւանի տան պատը, որը ամրագրված է իմ սեփականաշնորհման գրքում եւ 3 տարբեր ժամանակահատվածի վճիռներ հաստատում են այդ հանգամանքը, որ հարեւանը մտել է իմ տան տարածք, իմ սեփական տան պատի մեջ առանց հիմք փորելու տուն է կառուցել: Մինչդեռ իմ նոր տունը ամրագրված է իմ սեփականության վկայականում, իմ տան պատը հանդիսանում է իմ սեփականությունը, որը ոչ ոք քանդելու եւ վթարային իրավիճակ ստեղծելու իրավունք չունի:
Խնդրում եմ Ձեր խիստ վերահսկողությունը Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի կողմից քննվող գործի նկատմամբ նախաքննություն կատարվի օրենքի սահմաններում, մեղավորները պատժվեն, անկախ իրենց զբաղեցրած դիրքից եւ վերականգնվի իմ խախտված սեփականության իրավունքը: Հարեւանը քանդի իր կալոնաները իմ տան պատի միջից, կողքից հիմք փորի եւ իր համար տան պատ շարի: Հուսով եմ կօգնեք, որպեսզի հաղթի արդարությունը»:




























