Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր բրազիլացի պաշտոնակից Միշել Տեմերին վարձու մարդասպան է կոչել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այն, ինչ Բրազիլիայում անում է Միշել Տեմերը, նույնիսկ Պինոչետը չէր անում Չիլիում: Բրազիլիայում սոցիալական հանցագործություն է կատարվում մեր եղբայրական ժողովրդի դեմ այդ վարձու մարդասպան Միշել Տեմերի կողմից»,- Կարակասում միջոցառման ժամանակ հայտարարել է Մադուրոն:

Նրա կարծիքով՝ Տեմերը փորձում է Բրազիլիայի ժողովրդից խլել այն սոցիալական ձեռքբերումները, որոնք տրվել են ձախակողմյան գործիչների՝ Ինասիու Լուլա դա Սիլվայի եւ Դիլմա Ռուսեֆի կառավարման ժամանակ:

Բրազիլիայի նոր իշխանությունների ներկայացրած սահմանադրական փոփոխությունները ենթադրում են, որ առաջին 20 տարիներին պետք է սառեցցվի պետական ծախսերի մակարդակը, նաեւ լրջորեն կրճատվեն սոցիալական ծախսերը: Դա բողոքի բուռն ալիք է բարձրացրել երկրում: