Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի ընդդիմադիր խորհրդարանի պատգամավորները կարող են հեռացվել բացակայությունների պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մադուրոյի խոսքով՝ 2016 թվականի հունվարին ներկա կազմով ազգային ասամբլեայի աշխատանքի մեկնարկի պահից ի վեր նիստերին 34 անգամ քվորում չի ապահովվել պատգամավորների բացակայության պատճառով:
Մադուրոն նաեւ խորհրդարանի նախագահ Էնրի Ռամոսի հարազատներին մեղադրել է երկրում իրագործված վերջին քիբերհարձակմանը մասնակցելու մեջ, որի հետեւանքով Credicard վճարային համակարգը երկար ժամանակ չի գործել:
Վենեսուելայում ճգնաժամը խորանում է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքներն սկսելուց հետո, ներկայումս օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ աշխատանքային ոչ մի կապ չկա: Նախկինում Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է «խորհրդարանական հեղաշրջման» մեջ, իսկ խորհրդարանը հայտարարել է երկրի նախագահի կողմից սահմանադրությունը խախտելու մասին:





























