ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընդհանուր առմամբ մոտ 66 մլն դոլար է ծախսել իր գրպանից նախընտրական արշավի համար, հայտնում է Reuters–ը։
Թրամփը, մասնավորապես, հպարտացել է նրանով, որ ինքը պատրաստվում էր մոտ 100 մլն դոլար ծախսել, նշում է գործակալությունը։
Թրամփն ընդհանուր առմամբ կարողացել է հավաքել 339 մլն դոլար, իսկ նրա ընդհանուր ծախսերը կազմել են 322 մլն, ինչը շատ ավելի քիչ է, քան Հիլարի Քլինթոնի ծախսերը, որոնք կազմել են 565 մլն դոլար։
Փրայմերիզի ժամանակ Թրամփը հայտարարում էր, որ սոցհարցումներն անօգուտ են եւ միայն գումարի ծախս։ Այդուհանդերձ նրան հաջողվել է շրջանցել կուսակից մրցակիցներին եւ դառնալ Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն։
Սակայն, երբ հասարակական կարծիքի հարցումները սկսեցին վկայել, որ Թրամփի վարկանիշն ընկնում է, նա սկսեց գումար ծախսել հարցումների եւ հեռուստագովազդի վրա։ Ընդհանուր առմամբ նա գովազդի համար ծախսել է 192 մլն դոլար։





























