Մոտենում է Նոր տարին, ու շրջահայաց քաղաքացիները վաղուց արդեն սկսել են մթերքներ գնել ամանորյա սեղանի համար։ Չէ՞ որ բոլորն էլ տեղյակ են, որ դեկտեմբերի վերջին օրերին գները բարձրանում են։
Ռուսաստանում արդեն մի քանի տարի հաջորդաբար հաշվարկում են այսպես կոչված «օլիվյեի գործակիցը»։ Մեկ տարում այդ հանրահայտ աղցանը ընդհանուր առմամբ թանկացել է ․․․1․8 տոկոսով։ Մեր երկրում պաշտոնական վիճակագրությամբ նման հաշվարկներ չեն արվում, այնպես որ ստիպված ենք ինքներս անել դրանք։ Բայց հաշվարկների համար կընտրենք ոչ թե «օլիվյե» աղցանը, այլ խաղողի տերեւներով հայկական դոլման։ Չէ՞ որ այդ ազգային կերակրատեսակը միշտ Հայաստանի բնակիչների ամանորյա սեղանի զարդարանքն է եղել։
Նախ նշենք, որ մեր տարբերակում կան մի քանի պայմանականություններ։ Նախ օգտագործելու ենք նոյեմբերյան գները, քանի որ դեկտեմբերյան գները հրապարակվելու են արդեն Նոր տարուց հետո, հունվարի երկրորդ տասնօրյակին։ Բայց նոյեմբերը մեկնարկային է նախատոնական գների համար, այնպես որ համեմատությունները քիչ թե շատ ճշգրիտ են։
Եվ երկրորդ հանգամանքն այն է, որ այդ կերակրատեսակի համար բավականին շատ բաղադրատոմսեր կան, դրա համար էլ ընտրել ենք դասականներից մեկը, որի դեպքում միայն տավարի միս է գործածվում, որին բաժին է ընկնում կերակրատեսակի արժեքի ավելի քան 77 տոկոսը։
Ներկայացնենք հաշվարկները Հայաստանի 11 քաղաքների համար, որտեղ անցկացվում է գների մշտադիտարկում։ Եվ այսպես մեկ տարում դոլմայի միջին արժեքը ընդհանուր առմամբ նվազել է․․․1․6 տոկոսով։ Բացառություն են միայն Իջեւան (թանկացել է 0․2 տոկոսով) ու Հրազդան քաղաքները (թանկացել է 1․2 տոկոսով)։ Ստացվում է, որ անցյալ տարվա ցուցանիշների հետ տարբերություններն աննշան են։ Դա պայմանավորված է հիմնական մթերքի՝ տավարի մսի գների որոշակի կայունությամբ։ Չնայած այստեղ արդեն մեկ նրբություն կա, որի մասին ավելի ուշ կպատմենք։
Գների նվազում ակնկալելը (որը սուրբծննդյան տոներին ավանդական է օրինակ Արեւմտյան երկրներում) միամտություն կլիներ։ Դեռ նոյեմբերին մի շարք սննդամթերքների գներ ավելի բարձր էին, քան մեկ տարի առաջ։ Եվ այսպես, ձուն թանկացել է գրեթե 18 տոկոսով, խնձորը՝ 1․7 անգամ, տանձը՝1․2 անգամ, խաղողը՝ գրեթե 1․4 անգամ։ Նույնիսկ սովորական կանաչ սոխը թանկացել է գրեթե ավելի քան մեկուկես անգամ։
Ի դեպ,նոյեմբերին մեկ այլ սիրված ազգային կերակրատեսակի՝ խաշի սիրահարները ստիպված էին դրա հիմնական բաղադրիչի համար 1․2 անգամ շատ վճարել, քան մեկ տարի առաջ։ Եվ սխտորն էլ, որը խաշի պարտադիր համեմունքներից է, հասցրել է թանկանալ ուղիղ 1․4 անգամ։ Դա այդ կերակրատեսակի ձմեռային սեզոնի, այսպես ասած, սկիզբն էր։
«Ժողովրդի բարեկեցության բարձրացման» գործոնը բացառված է, քանի որ դիտարկվում է ուղիղ հակառակ պատկերը։ Դրա համար էլ մի շարք ապրանքների գների աճը կապակցված է դրանց առաջարկի ծավալի կրճատման հետ։ Բացառված չեն նաեւ զուտ սպեկուլյատիվ գները, որոնք բնորոշ են տեղական արտադրության ապրանքների ռեսուրսների սահմանափակության պայմաններին։
Բացի դրանից հաշվի առնենք առեւտրի ոլորտում վերջին երկու տարիներին դիտարկվող եկամուտների անկումը։ Հասկանալի է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում առեւտրականները կփորձեն թեկուզ թեթեւակիորեն փոխհատուցել այդ անկումը։ Դե իսկ ամանորյա տոները դրա համար պարզապես իդեալական ժամանակ են։
Այնպես որ ամեն ինչ հանգում է մեկ բանի՝ յուրաքանչյուր ընտանիքի համար «ստանդարտ» ամանորյա սեղանն աայս տարի ավելի շատ ծախսեր է պահանջելու, քան մեկ տարի առաջ։ Ահա ընդամենը մեկ օրինակ։ Գնորդները հայտնում են, որ ասենք այդ նույն տավարի մսի գները, մայրաքաղաքի սուպերմարկետներում արդեն բարձրացել են։ Առայժմ «ընդամենը» կիլոգրամի դիմաց 40 դրամով։ Քառասուն դրամ այդ ապրանքից, հինգ դրամ մեկ ուրիշ ապրանքից, ահա եւ կստացվի բավականին մեծ գումար։
Սմբատ Գրիգորյան




























