Անկարահում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո Ռուսաստանը պատրաստվում է դադարեցնել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման շուրջ բանակցությունները: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով ռուսական արտաքին քաղաքական շրջանակների աղբյուրին:
Պարբերականը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ Անդրեյ Կառլովը կոչ էր անում չշտապել Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցում, քանի որ, նրա կարծիքով, երկրում անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները չեն ձեռնարկվել:
Թերթի տվյալներով՝ առանց վիզայի ռեժիմի ներդրման հարցը հետաձգվել է անորոշ ժամանակով: Ռուսական կառավարությունը նաեւ «ջանքեր է գործադրում»՝ ներկայում Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
«Թուրքիան պետք է շարունակի լուրջ աշխատանք տանել՝ երկիր ժամանողների անվտանգությունն ապահովելու եւ Ռուսաստան այցելողների մանրակրկիտ ստուգումների երաշխիքներ տրամադրելու հարցում»,- ասել է պարբերականի աղբյուրը:
Թուրքական քաղաքներ այցելությունից զերծ մնալու՝ ռուսաստանի զբոսաշրջիկներին ուղղված Ռուսաստանի ԱԳՆ-ի հորդորը մինչեւ հիմա գործում է:
Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակում էին գործել լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ: Մարդասպանը, որը հատուկ գործողության արդյունքում սպանվել է, Մեւլութ Մերթ Ալթընթաշն է, 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածը «ստոր սպանություն» եւ սադրանք է կոչել, որն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների եւ Սիրիայում իրադրության կարգավորման դեմ:




























