Այս տարվա կտրվածքով, Երեխաների պաշտպանության ցանցն իրականացրել է ուսումնասիրություն 10 հազար ծնողների շրջանում եւ պարզել, որ ծնողների 40 տոկոսը երեխաներին դաստիարակելիս կիրառում է բռնության մեթոդը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է  խորհրդի անդամ Աիդա Մուրադյանը:

Նրա խոսքով, այդ ցուցանիշն այնքան էլ նորություն չէ, քանի որ 5 տարի առաջ ուսումնասիրության արդյունքները եւս նույնպիսի արդյունքներ էին արձանագրել:

«Վերջին 10 օրում ականատես եղանք երեխաների դեմ ուղղված մի շարք դեպքերի, որոնք չեն կարող ուշադրությունից դուրս մնալ: Մասնավորապես երեխաների սպանության դեպքը, երեխայի նկատմամբ բռնության հարցով դատարանի մեղմ վճռի հարցը: Ցավոք սրտի, 5 տարիների ընթացքում այդ տոկոսը չի փոխվել դրական իմաստով»,-ասաց նա:

Նշենք, որ օրերս սեփական բնակարանում հայտնաբերվել էին մանկահասակ երկու երեխաներ խեղդամահ արված, իսկ մորը կախված վիճակում:

Բացի այդ, օրեր առաջ դատարանը ընդամենը 30 հազար դրամ տուգանք ր կիրառել 8 տարեկան աղջկան խանութ չգնալու համար դաժանաբար ծեծած հորը: Աղջիկը մարմնական վնասվածքներ էր ստացել: