Հայաստանում մենք ճշգրիտ տվյալներ չունենք, թե քանի երեխա է բռնության ենթարկվում. կարող ենք խոսել միայն բացահայտված դեպքերի մասին:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը:

Նրա խոսքով, շատ դեպքում դրանք հայտնի չեն դառնում՝ դառնալով լուռ ողբերգություններ. «Մենք հասարակական համաձայնության չենք եկել այն հարցում, թե ընտանիքի պատերից ներս տեղի ունեցող ողբերգությունները ընտանիքի անդամների միջեւ, ծնողների կողմից երեխաների հանդեպ, ամուսինների կողմից կանանց եւ երեխաների հանդեպ, նաեւ կանանց կողմից ամուսինների եւ երեխաների նկատմամբ, որքանով կարող են հասարակական հոգածության առարկա լինել: Հասարակությունը պե՞տք է դրանց արձագանքի, թե ոչ: Ավելին՝ հասարակական կարծիքը բաժանված է երկու բեւեռների եւ այդ բեւեռները խոսում են հետեւյալ տեսանկյունից. դա ընտանեկան գործ է, մեզ չի վերաբերում եւ պետք է լուծվի, քննարկվի միայն ընտանիքի պատերից ներս: Միայն քրեական դեպքերն են, որ ենթակա են որոշակի կարգավորման»,-ասաց նա:

Միրա Անտոնյանը կարծիք հայտնեց, որ վերջին դեպքը, երբ 8 տարեկան դստերը մարմնական վնասվածքներ հասցրած հայրը դատապարտվեց ընդամենը 30 հազար դրամ տուգանքի, եւս խոսում է այն մասին, որ հասարակական կարծիքը բեւեռացված է. «Պատժի համաչափության մասին գաղափարը արդյոք երեխային մարմնական վնասվածք պատճառած հորը պետք էր 30 հազար դրամ տուգանել, թե 300 հազար, թե 3 մլն, ըստ իս հենց բեւեռացված հասարակական կարծիքի ապացույցն է»:

«Եթե համարենք, որ բռնարարը անձ է, որը նույնպես ունի խնդիրներ եւ դրանք լուծված չեն, այդ դեպքում պիտի մտածենք, թե ինչպես անենք, որ սեփական երեխաներին բռնության ենթարկող ծնողները փոխեն դաստիարակության մեթոդները: Եթե այս սենսացիոն դեպքերը չլինեն, երեւի ոչ մեկը չխոսի այդ խնդիրների մասին: Ավանդույթներն ենք ասպարեզ բերում, ասում ենք, հայկական ընտանիքն ավանդական է, չի կարելի մտնել ներս, չի կարելի քննարկել այդ հարցը: Բայց նույն ավանդական ընտանիքը 100 տարի առաջ երեխաներին ունենում էր տանը՝ տատմոր օգնությամբ: Պետությունն այն ժամանակ մտածում էր մեթոդներ, ինչպես անել, որ ավանդական հասարակության համար ծննդաբերելու համար հիվանդանոց գնալը դառնա նորմ: Այնպես որ հասարակությունը մշտապես փոփոխությունների մեջ է:

Եթե հիմա երեխաների նկատմամբ բռնությունը համարում ենք ներընտանեկան խնդիր եւ չենք ուզում որեւէ կերպ միջամտել, նշանակում է 100 տարի հետո էլ լինելու են նույն խնդիրները: Նոր նորմերը ընդունվում են, երբ հասարակական համաձայնությունից հետո մշակվում են այն ընդունելի ձեւերը, որոնք ոչ միայն չեն տրոհում հասարակության հիմքերը, այլեւ կառուցողական նշանակություն են ունենում: Այս պահին մեր չմիջամտելը ապակառուցողական դեր ունի»,-ընդգծեց Միրա Անտոնյանը: