Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է մամուլի տեղեկությանը, ըստ որի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողություններն ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է եւ չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, որոնք, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձեւավորման տիրույթում, ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ամբողջական օրակարգը համակարգվելու է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Սեյրան Օհանյանը հանդես է գալու, որպես պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների միավորման առանցք՝ Օսկանյանը, Դեմկուսի առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը: Չի բացառվում, որ առաջիկայում ոմանք ՀՀԿ-ից դուրս գան եւ միանան այս շարժմանը:
Մեր տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանին հաջողվել է համոզել Քոչարյանին, որ շարժմանը պետք է միանա նաեւ Վիկտոր Դալլաքյանը: Ստացվում է, որ ոչ թե Սեյրան Օհանյանն է միանում գործող քաղաքական ուժերին, այլ այդ ուժերն են միանում Սեյրան Օհանյանին»,-գրել է թերթը:





























