Ընթացիկ տարվա ընթացքում միայն Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտից գյուղացիներին հասցվել է 20 մլրդ դրամի վնաս, մինչդեռ Կառավարությունը որոշել է տրամադրել ընդամենը 506 մլն դրամ, այն էլ ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով:
Ըստ Կառավարության որոշման` Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժել են շուրջ 70 համայնքների բնակիչներ. «Անհրաժեշտություն է առաջացել այդ մարզերի համայքների բնակիչների օգտագործած ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով տրամադրել 506 մլն 622 հազար դրամ»:
Նշենք, որ Արմավիրում միայն այս տարի երկու անգամ ուժեղ կարկուտ է տեղացել: Մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասի հետեւանքները վերացնելու համար Կառավարությունը հունիսին որոշել էր 51 միլիոն դրամ հատկացնել:
Երկրորդ անգամ ուժեղ կարկուտ Արմավիրում տեղացել է հուլիսի 10-ին, երբ վնասվել էր 47 համայնքի բերքը: Ըստ նախնական հաշվարկի՝ կարկուտից վնասվել է 5 հազար 6 հարյուր 37 հա տարածք՝ 8 հազար 6 հարյուր 62 գյուղատնտեսական տնտեսություն: Խաղողը վնասվել է 40-100 տոկոսով, պտուղը, բանջարեղենը, բոստանը՝ 30-100 տոկոսով: Նշենք, որ տանիքները վերանորոգելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 21 մլն 857 հազար դրամ:




























