Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը համապատասխանում է քաղաքական բռնության ավանդույթին մի երկրում, որտեղ սիրիական ճգնաժամի հետեւանքները ավելի շատ են նպաստում քաոսի խորացմանը։ Այս մասին իր «Թուրքիայում ամեն ինչ կարող է ավելի վատանալ մինչեւ լավանալը» վերնագրով հոդվածում գրում է Թուրքիայում Associated Press բյուրոյի նախկին ղեկավար Քրիստոֆեր Տորչիան։

Խնդիրների վտանգավոր համադրությունը, որոնց բախվել է Թուրքիան, ներառում է քրդերի հարցն ու հուլիսյան պետհեղաշրջման փորձից հետո պետական զտումները, այսինքն անվտանգության ոլորտում իրավիճակը ծայրաստիճան անկայուն է մնալու։ «Մինչ Ռուսաստանն ու Թուրքիան կասկածում են, որ Անդրեյ Կարլովի սպանությունը դավադրություն է եղել, Թուրքիայի կառավարությունը սեւեռուն ուշադրության կենտրոնում է գտնվում վերջին տարիներին Սիրիայում իսլամական խռովարարների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի կամ նրանց հովանավորելու համար, ինչը անուղղակիորեն հանգեցրել է երիտասարդ թուրքերի արմատականացմանը»,- գրում է հեղինակը։

Որոշ փորձագետների կարծիքով, Թուրքիայի վարքագիծը հանգեցրել է հակառակ արդյունքի՝ թուրքական ազգայնականության կոշտ քաղաքականության ու Թուրքիայի որոշ շրջաններում ծաղկող սունի արմատականության համադրությունը հանգեցրել է բռնության աճին հենց երկրի ներսում։

Հեղինակը նշում է, որ ռուս դեսպանի սպանությունը ստիպել է համեմատություններ տանել անցած դարի 70-ականների քաղաքական հուզումների հետ, որոնք Թուրքիայում հանգեցրել են ռազմական հեղաշրջման 1980-ին, երբ աջերի ու ձախերի միջեւ զինված հակամարտությունն ավարտվեց զինվորականների միջամտությամբ։ Վերջինները միջամտել էին հանուն երկրում կարգուկանոնի վերականգնման, ինչն ուղեկցվում էր մարդու իրավունքների խախտումներով։

«Կարլովի սպանության շուրջ հարցերը կմնան նույնիսկ այն դեպքում, եթե հետաքննությունը միանշանակ եզրակացությունների հանգեցնի»,- գրում է Տորչիան։

Հեղինակը բերում է մի քանի սպանությունների օրինակներ, որոնց հետաքննությունից հետո բավականին շատ հարցեր են մնացել։ Եվ այսպես թուրք մարդասպան Մեհմեթ Ալի Աղջան, որը կրակել ու վիրավորել էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդին, սկզբում հայտնել էր, որ գործել է մենակ, հետո ասել էր, որ Բուլղարիան ու խորհրդային հատուկ ծառայություններն էին ծրագրել հարձակումը, նաեւ հայտնել էր Իրանի մասնակության մասին։ Սակայն Աղջան կապեր ուներ նաեւ Թուրքիայում աջակողմյա ռազմական խմբավորման հետ։

Եվս մեկ օրինակ՝ հայկական ծագումով լրագրող Հրանտ Դինքի սպանությունը 2007-ին։ «Կալանավորվել ու բանտարկվել էին երկու կասկածյալներ, այդ թվում Դինքի վրա կրակած դեռահասը, սակայն տարիների ընթացքում չեն մարում ուժայիննների վերաբերյալ կասկածները, որոնք անտեսել էին նախազգուշացումներն այն մասին, որ Դինքը կարող է հանցագործների թիրախ դառնալ»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ քուրդ փաստաբան Թահիր Էլչիի սպանությունն էլ չի բացահայտվել։

Այսպիսով, Կարլովի սպանությունը բռնության ցնցող օրինակներից մեկն է Թուրքիայում՝ երկրում, որտեղ անվտանգության համար բազմաթիվ սպառնալիքներ կան։