Դեկտեմբերի 21-ին ռուսական Sputnik կայքում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ «Ֆրոնտ ան Նուսրան» պատասխանատվություն է ստանձնել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության համար, հիշեցնում է Hurriyet Daily News–ի տեսաբան Մուրատ Էթկինը։ Շուտով եզրակացրեցին, որ «Ան Նուսրայի» հայտարարությունը կեղծ էր։
Հեղինակի խոսքով, դեռ մինչեւ կեղծիքի բացահայտումը, անվտանգության ոլորտից մի բարձրաստիճան աղբյուր իրեն հայտնել էր, որ «Ֆրոնտ ան Նուսրան» միշտ իր պատասխանատվության մասին հայտնում է իր Minaret ul-Beydha կայքում, այլ ոչ թե ինչ -որ նամակներով, ինչպես այս դեպքում էր»։
Նաեւ աղբյուրը հավելել է, որ ահաբեկչական կազմակերպությունները սովորաբար ձգտում են ոչնչացնել հնարավորինս շատ մարդկանց, մինչդեռ այս դեպքում մարդասպանը խնդրել էր ցուցահանդեսի այցելուներին դուրս գալ դահլիճից, ասելով, որ նրանց նկատմամբ ինքը որեւէ պահանջ չունի։ Իսկ դա բնորոշ չէ սալաֆիտ -ջիհադականներին։
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ կադրերը ուշադիր դիտելուց հետո իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ մարդասպանը ամենայն հավանականությամբ հանցակից է ունեցել, որը նրան ցուցումներ է տվել ցուցասրահից։ «Հանցագործը մինչեւ որոշակի պահ կանգնած է եղել դեսպանի թիկունքում, ոստիկան թիկնապահների նման։ Իսկ հետո հանկարծակի ասես «միացել է», սկսել է ինչ- որ բաներ բղավել ու կրակել դեսպանին։ Որից հետո չի էլ փորձել փախչել։ Ըստ երեւույթին հրահանգիչը նրան վստահեցրել է, որ նրան ոչինչ չի պատահի»։
Էթկինի խոսքով, եթե այդ սպանությունը սադրանք էր, ինչպես Պուտինն ու Էրդողանն են վստահեցնում, ապա գուցե դրա նպատակն է Թուրքիայում ահաբեկչությունը նոր մակարդակ բարձրացնելը։
Թուրքիայի հատուկ ծառայությունների վարկածով «95 տոկոս հավանականությամբ Մեւլյութ Ալթինթաշին հավաքագրել էին Գյուլենի կողմնակիցները, որպեսզի նա աշխատանքի ընդունվի ոստիկանությունում, իսկ հետո ձեւանա իբրեւ մեկ այլ իսլամական կազմակերպության կողմնակիցներից է»։
«Հատուկ ծառայությունները նաեւ հետաքննում են այն վարկածը, ըստ որի մարդասպանի բերանը կարող էր փակել հատուկ ջոկատայիններից մեկը, որը ցուցասրահ էր մտել դեսպանի սպանությունից հետո», -գրում է լրագրողը։





























