Երեւանում տեղացած ձյունը, ինչպես եւ ենթադրվում էր, հերթական խնդիրներն է ստեղծել անցորդների համար։

Ձյունը, օրվա ընթացքում հալչելով, երեկոյան արդեն սառցաշերտի է վերածվում։ Դրանից հետո տեղացող նոր ձյունը այս սառցաշերտը դարձնում է դժվարհաղթահարելի ու չափազանց սահող։

Իրավասու քաղաքային ծառայությունները խնդրի առկայությունն անտեսում են, ու մայրաքաղաքում գրեթե միակ վայրը, որտեղ մայթերը կոկիկ մաքրված են, Երեւանի քաղաքապետարանի շրջակայքն է։

Եթե մայթերում, որտեղ հետիոտնը շատ է, իրավիճակն ինչ-որ ձեւով լուծվում է, ապա բակերում սառցե շերտը, ամենայն հավանականությամբ, միայն գարնանը կհալչի։

Բակերի,, ինչպես նաեւ մայթերի մաքրման հարցը իրավասու ծառայությունները «համառորեն չեն նկատում»։ Բնակիչները չցանկանալով համառությամբ զիջել իրավասու մարմիններին, նույպես ձեռքները բահ չեն վերցնում։ Ահա եւ ստացվում է, որ մեքենաները սառցադաշտում արգելակվում են, մարդիկ սահում են ու ընկնում, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվում։