Հայաստանի հիվանդանոցները եւ պոլիկլինիկաները չպետք է անաշխատունակության կեղծ հիվանդաթերթիկներ տան: Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարին ու կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեին հանձնարարեց անաշխատունակության նպաստների նշանակման եւ վճարման ընթացակարգերի կենտրոնացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Կարապետյանը Առողջապահության նախարարությանը ու մարզպետներին հանձնարարեց եւ տեղական իշխանություններին առաջարկեց ուժեղացնել հսկողությունը, թե բուժհաստատություններն ինչպես են տալիս ժամանակավոր անաշխատունակության հիվանդաթերթիկները:
Նրա խոսքով՝ նպաստը պետք է արդարացիորեն հաշվեգրվի, այլ ոչ թե միայն տրվի: Այս նպատակով ՊԵԿ-ի նախագահին եւ աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել, թե ինչպես բարձրացնել նպաստների հաշվարկման ճշգրտության հսկողության արդյունավետությունը:




























