Դպրոցի տնօրեն ընտրեցին՝ անտեսելով թեկնածուների զարգացման ծրագրերի բովանդակությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ուզում եմ տեղեկացնել ԿԳ նախարար պարոն Մկրտչյանին, որ հույսեր չկապի, թե գործող ընտրության կարգով oրենքով ամրագրված` դպրոցի զարգացման ծրագիրը, իր որակմամբ՝ դպրոցի անձնագիրը, կգործի. դրանում հերթական անգամ համոզվեցի:
Երեկ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում վերջապես կայացավ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ 2 տարուց ավելի տեւած մարաթոնյան ընտրությունը: Թվում էր, թե այս ընտրության հետ կապված աղմկահարույց պատմություններից հետո դպրոցի կառավարման խորհրդի նախագահը պետք է ամեն ինչ շատ լավ նախապատրաստած լիներ, սակայն ակնհայտ դարձավ, որ նա պարզապես չէր նախապատրաստվել ընտրությանը, որովհետեւ ամեն ինչ կարգադրվեց վերջին վայրկյանին ու ընտրության գործընթացը սկսվեց ուշացումով, քանի որ կառավարման խորհրդի անդամներից ոմանք նույնպես ուշացումով եկան: Նիստին ներկա էին Կառավարման խորհրդի 8 անդամները, գրանցված 4 թեկնածուներից՝ 3-ը, հասկանալի պատճառով չէր ներկայացել 4-րդ թեկնածուն՝ նախկին տնօրենի եղբայրը:
Բոլորովին վերջերս ԿԳ նախարար պարոն Մկրտչյանը խոսեց այն մասին, որ յուրաքանչյուր դպրոցի տնօրենի զարգացման ծրագիրը պետք է լինի դպրոցի անձնագիրը: Իհարկե, դա շատ ճիշտ թեզ է, բայց ինչպե՞ս այն պետք է գործի, եթե այդպես էլ տնօրենի ընտրության ժամանակ այն չի դառնում մրցակցության կռվան, եթե կառավարման խորհուրդը, ինչպես այս ընտրության ժամանակ, չի առաջնոդվում այդ թեզով, այլ՝ բոլորովին ուրիշ շահերով: Մասնավորապես, Ծովագյուղի դպրոցի տնօրենի թեկնածուներից միայն Սիրամարգ Ղազարյանի ներկայացրած զարգացման ծրագիրն էր հստակ ներկայացնում հենց տվյալ դպրոցի ներկան ու ապագային միտված առարկայական անհրաժեշտ քայլերը՝ որպես գյուղական միջնակարգ դպրոց, որտեղ 2017-ից պարտադիր միջնակարգ կրթությունը պետք է սկսի գործել: Այս տեսակետից մյուս թեկնածուների ներկայացրած ծրագրերի նկատմամբ այն ուներ հենց այդ առավելությունը, որը չգնահատվեց ոչ կառավարման խորհրդի ծնողների, ոչ մանկավարժների, ոչ համայնքի այն 5 անդամների կողմից, ովքեր իրենց ձայնը տվեցին Երեւանից եկած թեկնածուին: Զարմանալի է, որ իրենց շահերից ելնելով՝ գոնե մանկավարժներն ու ծնողները պետք է տեսնեին այդ ծրագրերի տարբերությունն՝ ի օգուտ իրենց համագյուղացու: Պարզվեց, որ որոշիչը ազգակցական կապերն են:
Մարզպետարանում ասում են, որ գյուղացիները չեն ընդունում Սիրամարգ Ղազարյանին: Վստահ չեմ, որովհետեւ մի բան ինձ համար ակնհայտ է՝ նրան չի սիրում գյուղապետը, բնականաբար՝ վերադասը, որովհետեւ Սիրամարգը օրենք է հասկանում ու կիրառում, իր իրավունքների տերն է եւ այլեւս չի հանդուրժում այն կեղծիքները, որոնք կատարվում են իր շուրջն ու բարձրաձայնում է այդ մասին, նմաններին մեզանում չեն սիրում, թեկուզ՝ Հանրապետական կուսակցության անդամի:
Ինչեւէ, շնորհավորում եմ նորընտիր տնօրենին ու մաղթում իր գործունեության մեջ հաջողություններ ու խորհուրդ եմ տալիս սկսել այն փաստի շտկումից, որի մասին իմացավ նաեւ ինքը: Խոսքն այն մասին է, որ դպրոցի 12-րդ դասարանի 36 աշակերտներ դեռեւս դիմումներ չեն ներկայացրել իրենց ընտրած առարկաների մասին ու ուսմասվարը չգիտի, թե 2-րդ կիսամյակում ինչպես պետք է կազմակերպվեն 12-րդ դասարանցիների դասերը: Այս մասին փոխտնօրեն տիկին Սարգսյանը ասաց ԿԳ ներկայացուցչին, ում շատ զարմացրեց այդ փաստը: Կարծում եմ՝ տնօրենի ընտրության կարգը պետք է վերանայվի այն տրամաբանությամբ, որ զարգացման ծրագրի գնահատումը լինի որոշիչ: Օրինակ, կարելի է մշակել զարգացման ծրագրի գնահատման մի հարցաթերթ, որով կկարեւորվի տնօրենի թեկնածուի՝ դպրոցի զարգացման ծրագրում հենց տվյալ դպրոցի զարգացմանը վերաբերող քայլերը: Դա կստիպի թեկնածուին այլ զարտուղի ճանապարհներ փնտրելու փոխարեն նախապես ուսումնասիրել տվյալ դպրոցի առկա վիճակն ու նախաձեռնել այն քայլերը, որոնք կբարելավեն այդտեղ կրթության որակը: Ի վերջո հրապարակվում են դպրոցի ներքին գնահատման ու վարկանիշավորման արդյունքները, որոնք թեկնածուն կարող է օգտագործել՝ դպրոցի զարգացման համար նոր, խելամիտ լուծումներ գտնելու համար: Այդ քայլերը կառաջնորդեն տնօրենին իր հետագա գործողություններում ու ընտրվելուց հետո ինչ-որ կերպ չափելի կլինի տնօրենի գործունեությունը: Գործող ընտրության կարգը չի պարտավորեցնում ու մոտիվացնում թեկնածուին ջանք դնել դպրոցի զարգացման ծրագրի վրա, ուստի ունենք այս տխուր վիճակը:
Հ.Գ. Իմ ներկայությունը շատ բարկացրեց դպրոցի կառավարման խորհրդի նախագահին, ով ընտրության կարգին հղում անելով՝ ինձ համարյա դուրս էր հրավիրում: Այն բանից հետո, երբ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչը փաստեց, որ մարզպետարանի համապատասխան պաշտոնյայի հրավերով եմ ներկա, նա հանդուրժեց իմ ներկայությունը:
Գուցե իրավացի էր կառավարման խորհրդի նախագահը, որովհետեւ ըստ ընտրության կարգի՝ մարզպետարանի կողմից դիտորդը եզակի թվով է գրված, իսկ ես երկրորդն էի: Մյուս կողմից, ինձ թույլ չտալու դեպքում կարձանագրեի, որ տվյալ համայնքի համար այս կարեւոր գործընթացն ուզում են անցկացնել ոչ հրապարակային ու փակ դռների ետեւում, որովհետեւ ոչ մի լրատվամիջոց ներկա չէր: Այնինչ, տնօրենի ընտրության հրապարակայնությունը անհրաժեշտություն է առնվազն այն տեսակետից, որ կառավարման խորհուրդը չի փորձի խախտել գործող կարգը. կոնկրետ այս դեպքում պետք է արձանագրեմ, որ տնօրենն ընտրվել է գործող կարգի համաձայն:
Սակայն այս միջադեպը հետեւյալ մտորումների տեղիք տվեց. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում ուսումնական գործընթացի մասնակիցների ցուցակի առաջին տեղում ծնողն է, երկրորդում՝ սովորողը: Հետեւաբար առաջին շահառուն ծնողներն են, ապա՝ սովորողները: Կարծում եմ՝ տնօրենի ընտրության կարգով նրանց՝ որպես դիտորդների, պետք է թույլատրվի ներկա լինել ընտրության գործընթացի այն հատվածում, որտեղ թեկնածուները ներկայացնում են տվյալ դպրոցի զարգացման իրենց ծրագրերը: Այս պարագայում խորհրդի անդամներն էլ ընտրության ժամանակ ստիպված կլինեն կողմնորոշվել զարգացման ծրագրերով, հակառակ դեպքում դպրոցի այն աշակերտներն ու ծնողները, ովքեր լսել են թեկնածուներին, կընդվզեն ընտրված տնօրենի դեմ ու նման դեպքերում ընտրության կարգով սահմանված կետով պետք է չեղյալ համարվի ընտրությունը: Այսպիսով՝ դպրոցական տարիքից մեր քաղաքացիներին կվարժեցնենք ընտրություն կատարել ոչ թե անձերի միջեւ, այլ՝ նրանց ներկայացրած ծրագրերի: Ավելին, ձեռքի տակ ունենալով այդ ծրագիրը՝ ծնողներն ու աշակերտներն իրավունք կունենան պարբերաբար հիշեցնել ծրագրում գրված խոստումներն ու պահանջել դրանց իրականացնելը: Սա կրթություն է եւ վե՛րջ: Կրթության կառավարման մեջ նման քայլերով միայն կկայանա քաղաքացիական հասարակությունն ու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարությունը: Այս գործընթացի ապահովման պատասխանատուն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն է՝ ԿԳ նախարարի ղեկավարությամբ:




























