Նոր-Նորքի 9-րդ զանգվածի բնակիչները ահազանգել են Բնապահպանության նախարարության «թեժ գծին»՝ ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի եւ Նոր-Նորքի 9-րդ զանգվածի մոտակա ձորակում տեղակայված «Անկոլո» ՍՊԸ-ի սպասարկման տակ գտնվող աղբավայրի արտանետումների վերաբերյալ:
Բնապնախարարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ստուգայց են իրականացրել: Աղբավայրում պարբերաբար տեղի է ունենում ինքնաբռնկում, ինչը կանխելու համար ընկերությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը եւ հրդեհների կանխարգելման միջոցառումներ ձեռնարկել:
«Բնակիչների կողմից բարձրացված գարշահոտության խնդիրն առողջապահական հիմնահարց է եւ դուրս է ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների շրջանակից: 2014թ. ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականի հիման վրա ընկերությունում կատարվել էր բնապահպանական ստուգում, որի արդյունքում ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի 3-րդ հոդվածի պահանջի խախտման համար վերջինս ենթարկվել է 100.0 հազ. դրամի վարչական տույժի եւ կայացվել է վնասի հատուցման որոշում 200,0 հազ. դրամի չափով, ինչպես նաեւ հանձնարարվել է կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ-65 եզրակացության փորձաքննական պահանջները՝ աղբավայրում անձրեւաջրերի եւ ջրվածքների հավաքման ու հեռացման կառույցների տեղադրումը:
Երեւան քաղաքի Թումանյան 26-Ա հասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարկից մթնոլորտային արտանետումների վերաբերյալ ստացվել էր ահազանգ: Տեղազննումից եւ ուսումնասիրությունից պարզվել է, որ տվյալ տարածքում գործունեություն է իրականացնում անհատ ձեռնարկատեր, ում հանձնարարվել է դադարեցնել աշխատանքները եւ արտանետումների խողովակը բարձրացնել շենքի տանիքից վեր»,-ասված է հաղորդագրության մեջ:




























