Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում գրավոր հարցադրում է ուղղել Ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազին։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանն իր հարցադրման մեջ պարզաբանում է պահանջել, թե ինչո՞ւ է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը։ «Կրթության նախարարությունն ինչպես է տարբերակում Նոր Տարին ու Սուրբ Ծնունդն իրարից։ Ինչն է պատճառը, որ նույնիսկ ազգային փոքրամասնությունների դպրոցներում նույնպես արգելելվել է տոնել Ամանորը»,–հարցադրման մեջ գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել էր, թե դպրոցներում արգելվում է տոնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը, քանի որ դա հակասում է թուրքական մշակույթային արժեքներին։