Լեսթերի համալսարանի բրիտանացի ֆիզիկոսները որոշել են Շարլ Պերոյի հայտնի հեքիաթի հերոսուհու՝ Մոխրոտի բյուրեղապակե կոշիկի կրունկի առավելագույն չափը: Այս մասին հայտնում է Journal of Physics Special Topics-ը:
Ֆիզիկոսներն առաջին հերթին ուշադրություն են դարձրել, որ հեքիաթի բոլոր նկարազարդումներում Մոխրոտի բյուրեղապակե կոշիկները բարձրակրունկ են պատկերվում:
Ըստ գիտնականների՝ սա իրականությանը չէր համապատասխանում, քանի որ բյուրեղապակուց պատրաստված բարձր կրունկը անպայման կկոտրվեր, երբ Մոխրոտը, պարահանդեսի ընթացքում ժամանակի մասին մոռանալով, փորձում էր արքայազնից փախչել:
Ելնելով հեքիաթի ներկայացրած Մոխրոտի որոշ ֆիզիկական տվյալներից՝ գիտնականները եզրակացրել են, որ Մոխրոտը 55 կգ-ից ավելի չէր կյշռում, իսկ կոշիկի չափը 36 էր: Դրանից հետո նրանք հաշվարկել են, թե բյուրեղապակե կրունկի վրա ինչ ճնշում է գործադրվել հանգստի պահին եւ շարժվելիս: Հետազոտողները կարծում են, որ բյուրեղապակու ֆիզիկական հատկությունները հաշվի առնելով՝ այն չէր կարող 1.15 սմ-ը գերազանցել, այսինքն՝ ամենեւին բարձր չէր:
Ի դեպ, բրիտանացի ֆիզիկոսների եզրակացությամբ՝ Մոխրոտի ոտքերը բյուրեղապակին սեղմել են 28,5 կիլոպասկալ ճնշմամբ, ինչը գրեթե հավասար է Էվերեստում օդի ճնշմանը, մինչդեռ բյուրեղապակին կարող է դիմանալ 330 մեգապասկալ ճնշմանը, ինչը տասնյակ հազարավոր անգամ մեծ է:





























