Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակների կազմը, ինչպես նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակի թեկնածուները հայտնի կլինեն մի քանի օրից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ 

Նա նշել է, որ առաջիկա  գործադիր մարմնի նիստում կքննարկվի կուսակցության խորհրդի նիստ հրավիրելու հարցը, որն էլ կնվիրվի կուսակցության ընտրական ցուցակներին։

Ամենայն հավանականությամբ խորհրդի նիստը կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում։ 

«Մի քանի օր համբերեք՝ բոլոր հարցերի պատասխանը կտեսնեք։ Եթե մի բան վերջնական չէ,  ես չեմ ցանկանում դրա մասին խոսել։ Մենք պետք է աշխատենք ունենալ այնպիսի ցուցակ, որ պառլամենտում ներկայացված լինենք առավելագույնս քաղաքական մարդկանցով, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը։ 

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն սահմանել է փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը։ Փետրվարի6-ից մինչեւ 16 ընկած ժամանակահատվածում քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն ընտրույթունների մասնակցության վերաբերյալ փաստաթղթերը, մինչդեռ մի շարք ուժեր անգամ չեն էլ հստակեցրել  ընտրություններին մասնակցելու են, թե ոչ եւ ինչ ֆորմատով։