Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի ընտանիքի դիմումին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակից պատասխանել են: NEWS.am-ի հետ զրույցում Ներսեսի քույրը՝ Վարսիկը ասաց, որ ԿԽՄԿ-ից խոստացել են ուսումնասիրել Ներսես Պողոսյանի ընտանիքի դիմումի մեջ նշված փաստերը: Արդեն 28-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի ընտանիքը ԿԽՄԿ էր դիմել հունվարի 11-ին՝ պահանջելով ուշադրություն դարձնել եւ աջակցել, որպեսզի Հայաստանի պատկան մարմինները որեւիցե քայլ ձեռնարկեն Ներսեսին այդ վիճակից դուրս բերելու համար:

«Կարմիր խաչ դիմում էինք ներկայացրել, նկարագրել մանրամասն՝ ինչպես է եղբայրս անազատության մեջ հայտնվել, այն, որ արդեն 28-րդ օրը հացադուլ է անում, բայց պատկան մարմինները անտարբեր են, չեն մտածում նրա կյանքի մասին: Մեր դիմումին պատասխանել են եւ խոստացել են, որ քայլեր կձեռնարկեն եւ ուսումնասիրություններ կիրականացնեն»,-ասաց նա:

Նշենք, որ Ներսես Պողոսյանն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվել է դատարան: