Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը թեեւ շարունակում է ակտիվ հանդիպումներն ու քննարկումները քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, սակայն «լայն» կոնսոլիդացիան ուրվագծվում է դեռեւս չորս ուժի շրջանակում։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ նախնական համաձայնություն կա «Ժառանգություն», «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների միջեւ։ 

«Ժառանգությունից» բանակցությունները վարում են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ծայրահեղ քայլերի կողմնակից է եւ դեմ է այդ ուժերի հետ համագործակցությանը։ Անահիտ Բախշյանն էլ հնարավոր է՝ առաջիկայում լքի «Ժառանգությունը» եւ «Ազատ դեմոկրատների» ցուցակում ընդգրկվի, ինչի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանն այլ առաքելություն էլ ունի։ Նա, այսպես ասած, միջնորդ  բանակցող է Սեյրան Օհանյանի եւ այլ քաղաքական ուժերի ու գործիչների միջեւ, որի մասին դեռ հստակ չի խոսում։ Համախմբվելու ուղղությամբ ակտիվ քննարկումների մասին վերջնական հայտարարություն կլինի հունվարի վերջին։ Իսկ «Ժառանգությունում» տիրող տրամադրությունների, տարաձայնությունների, ժառանգականների արտահոսքի ու  իշխանության նախկին ներկայացուցիչների հետ դաշինք կազմելու մասին կխոսի Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մինչեւ երկուշաբթի կլինի Հայաստանում։

Մինչ այդ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում շեշտեց, որ իրենք լայն շրջանակների հետ են քննարկումներ անցկացնում. «Կոնկրետ «Ժառանգությունը» լայն շրջանակով է քննարկումներ, հանդիպումները անցկացնում։ Բոլորի հետ քննարկում ենք, փորձում ենք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ լայն կոնսոլիդացիա լինի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: 

Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ  Օսկանյանի, Օհանյանի ու Դալլաքյանի հետ միավորվելով՝ կփոշիացնեն «Ժառանգության» ռեսուրսը, որն ընտրությունների շրջանում, անկախ կուսակցության ներքին խնդիրներից, լավ ցուցանիշներ է արձանագրել, Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ես մտավախություն ունեմ, որ այս անգամ էլ եթե ընդդիմությունը չհաջողի, մենք երկրում անվտանգության շատ մեծ խնդիրների առջեւ ենք կանգնելու»։