Առայսօր չկա հստակ ու միանշանակ կարծիք, թե որտեղից ու երբ է հայտնվել «ուրբաթ 13»-ի հետ կապված սնահավատությունը։

Հին Շումերում 12 թիվը նույնքան կլոր էր, որքան մեզ համար 10-ը՝ տասնորդական համակարգում։ Կա ենթադրություն, որ 13 թիվը, որը հաջորդում էր 12 կլոր թվին, շումերների համար «վատն» էր համարվում։ Բայց քրիստոնյաների շրջանում առավել տարածված վարկածը Հուդայի հետ է կապված։

Այդ իրավիճակը լավագույնս պատկերում է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր երեկո» հանրահայտ նկարը, որտեղ Քրիստոսն է պատկերված՝ իր 12 աշակերտներով շրջապատված այն պահին, երբ ասում է, որ նրանցից մեկը կմատնի իրեն։ Հուդան նստած է Հիսուսի աջ կողմին՝ ձեռքին երեսուն արծաթադրամով քսակը։ Քանի որ դավաճանը, ըստ էության, ավելորդ է Փրկչի հավատարիմ աշակերտների շարքում, նա համարվում է այդ խմբում վերջինը, տասներեքերորդը։ Դրա համար էլ «13» թիվը վատն է համարվում։ Կան նաեւ ուրիշ՝ ավելի հին ծագում ունեցող բացատրություններ։

Սակայն ինչո՞ւ են «13» թիվը միավորել ուրբաթի հետ։ Վարկածներից մեկով՝ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը հոկտեմբերի 13-ին, ուրբաթ, կարգադրել էր կալանավորել թամփլիերների միաբանության անդամներին։ Ըստ առասպելի, դաժան մահապատժից առաջ միաբանության մագիստրոս Ժակ դե Մոլեն անիծել էր թագավորին ու նրա բոլոր սերունդներին։ Կապետինգների տոհմի ճակատագիրը իրականում նախանձելի չի դասավորվել, ինչը շատերը համարում էին մեծ մագիստրոսի անեծքի հետեւանք։

Յուրաքանչյուր օրացույցային տարի ունի մեկից երեք «ուրբաթ 13»-ներ։ Այս տարի, հունվարից բացի ուրբաթը 13-ի հետ կհամընկնի հոկտեմբերին։ Սակայն ինչո՞վ է սպառնում այդ համընկնումը։ Որոշ հետազոտողներ ներկայացնում են հենց այդ օրերին կատարված վթարների վիճակագրությունը։ Օրինակ 1972-ի հոկտեմբերի 13-ին Անդերում կործանվել է ուրուգվայական FH-227 օդանավը՝ ռեգբի թիմի անդամներով։ Այդ զարմանալի պատմությունը, երբ ուղեւորների մի մասը հրաշքով փրկվել է, շատ ֆիլմերի սյուժե է դարձել։ Սակայն տարվա մյուս օրերին էլ վթարներ քիչ չեն լինում։ Բայց շատերը, միեւնույն է, հավատում են առեղծվածներին։

Եվ այսպես, այդ օրը համենայն դեպս խորհուրդ է տրվում պարտքով փող չվերցնել ու չտալ, ոչ մեկի ն չպատմել երազները, չվիճել։ Եվ առհասարակ լինել ուշադիր ու զգոն։ Մի խոսքով բավականին ողջամիտ խորհուրդներ, որոնք վատ չէր լինի կատարել նաեւ տարվա մյուս օրերին։