Որեւէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու: Այս մասին, հունվարի 12-ին, հաշմանդամության ոլորտում գործող  միջազգային եւ  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր  գնահատելով վերջին տարիների ընթացքում ձեւավորված համագործակցությունը՝  նախարարը վստահություն է հայտնել,  որ   ոլորտում համատեղ  իրականացվող փոփոխությունները,  միանշանակ բերելու են  նոր եւ արդյունավետ համակարգերի ձեւավորմանը՝  դրանով իսկ  հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին՝ նախարարը նշել է, որ  համակարգում  արմատական փոփոխություններ են լինելու՝ հաշմանդամության նոր մոդելի ներդրմամբ  եւ փորձաքննության ձեւաչափի փոփոխությամբ:

«Պետք է  տարանջատել դիմում ընդունելու եւ որոշում կայացնելու գործառույթները, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացի-որոշում կայացնող պաշտոնյա շփումը: Իսկ փորձաքննության ձեւաչափը պետք է փոխվի այնպես, որ յուրաքանչյուր օղակ ունենա իր իրավունքներին համապատասխան հստակ պատասխանատվության դաշտ»,- ասել է նախարարը:

Նախարարի խոսքով՝ պետք է անպայման վերանայվի  հաշմանդամության 3-րդ խմբի չափորոշիչները, քանի որ այդ չափորոշիչներով պայմանավորված  հիմնականում չեն տարանջատվում «հիվանդ լինելը» եւ «հաշմանդամություն ունենալը»:

Հանդիպմանը ներկա  հասարակական սեկտորի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ գոհունակություն են հայտնել  համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ,  ունենալով սակայն որոշ մտահոգություններ,  որոնք հիմնականում վերաբերում  էին նրան, որ ոլորտի խնդիրների լուծումները հնարավոր է մի քանի գերատեսչությունների միջեւ սերտ համագործակցությամբ միայն, եւ որոշակի մտահոգություններ առ այն, որ փոփոխությունների եւ նոր մոդելի կիրառման արդյունքում  հաշմանդամություն ունեցող անձանց մի մասը  կարող են զրկվել հաշմանդամության կարգավիճակից եւ դրանից բխող արտոնություններից:

Միեւնույն ժամանակ  ՀԿ ներկայացուցիչները որոշ առաջարկություններով են հանդես եկել, որոնք ըստ իրենց, առավել սահուն կերպով թույլ կտան անցնել ներկայիս անցումային փուլը:

Նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել է, որ որեւէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, ավելին, հստակեցնելով «հաշմանդամություն ունենալու» եւ «հիվանդ լինելու» չափորոշիչները` պետությունը հնարավորություն է ունենալու հաշմանդամներին  տալ հավասար հնարավորություններ իրենց իրավունքների լիարժեք իրացման համար, իսկ հիվանդություն ունեցող անձանց` համապատասխան ծառայությունների փաթեթ:

Հաշվի առնելով սեղմ ժամկետները`  նախարարը խնդրել է ՀԿ ներկայացուցիչներին ներկայացնել  համակարգի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, այնուհետեւ եւս մեկ հանդիպում ունենալ մինչեւ ՀՀ կառավարություն առաջարկությունների վերաբերյալ  վերջնական փաթեթի ներկայացումը: