Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի կինը հունվարի 12-ին հանդիպել է մեղադրող դատախազի հետ: Այսօր՝ հունվարի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում Ներսեսի քույրը՝ Վարսիկը ասաց, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը խոստացել է քննարկել հարցը:

«Դատախազն ասել է, որ անպայման ինչ-որ արձագանք կլինի խնդրին, կքննարկեն  2-3 օրվա մեջ: Լիան, սակայն, ասել է, որ ծայրահեղ վիճակում է Ներսեսը եւ 2-3 օրը շատ է, խոստացել են, որ այսօր կպատասխանեն»,-ասաց նա:

Վարսիկ Պողոսյանը նշեց, որ հունվարի 12-ին եւս մեկ անգամ գնացել են ԿԽՄԿ երեւանյան գրասենյակ, որտեղից խոստացել են այցելել Ներսես Պողոսյանին:

 «Կարմիր խաչում ասացին, որ իրենց լիազորությունների սահմանում չէ իրավաբանական մասով զբաղվելը, բայց կտեսակցեն՝ տեսնելու ինչ առողջական վիճակում է Ներսեսը»,-ասաց նա:

Վարսիկ Պողոսյանը նշեց, որ Ներսեսն արդեն 29 օր շարունակում է հացադուլը եւ դժվարությամբ է կարողանում քայլել եւ խոսել. «Հյուծված է, պաշտպանն ասում է՝ դժվարությամբ է խոսում, քայլում: Շատ անգամներ համոզել է դուրս գալ հացադուլից, բայց չի համաձայնել: Եղբորս բժշկական լուրջ միջամտություն է հարկավոր, որը չի արվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմի, նրանք միայն նրա ճնշումն են չափում»:

Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: