Ով որտեղ կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, կարծում եմ՝ երկրորդական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ կականց միջեւ մրցակցությանն ու ինտրիգներին:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ինտրիգներից մեկն էլ վերաբերում է կանանց առաջին հնգյակում տեղավորվելու մրցավազքին։ Ըստ օրենքի՝ քաղաքական ուժերի համամասնական ցուցակի յուրաքանչյուր հնգյակում պետք է կին թեկնածու լինի։ ՀՀԿ կանանց մրցավազքը առաջին հնգյակի համար է։ Տեղեկություններ կան, որ առաջին հնգյակում լինելու է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մինչդեռ ՀՀԿ հնաբնակները պնդում են, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կամ Հերմինե Նաղդալյանը պետք է հանգրվանեն այդ տեղում։
Հովհաննես Սահակյանի խոսքով, ցուցակների հարցը կուսակցության առաջիկա գործադիր մարմնի ու խորհրդի նիստում կքննարկվեն. «Ես նման խժդժություններից տեղյակ չեմ, բայց թե ով որտեղ կլինի, կարծում եմ՝ երկրորդական է։ Ես չէի ուզենա անուններ հնչեցնել, քանի որ դեռ ցուցակը պարզ չէ, երբ որ կհաստատվի գործադիր մարմնում ու խորհրդում, այն ժամանակ մենք կարող ենք ասել՝ ովքեր որ տեղերում կլինեն»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։





























