Ավստրալացի գիտնականները զգուշացրել են, որ գարնանային անձրեւները երկրի հացահատիկային հիմնական տարածքներում մկների պոպուլյացիայի ինտենսիվ աճի համար իդեալական պայմաններ են ստեղծել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման  տեղեկություններով՝ Վիկտորիա եւ Հարավային Ավստրալիա նահանգներում այս տարի առանձնապես մեծ թվով մկներ են բազմացել: Այս նահանգներին է բաժին ընկնում երկրի գյուղատնտեսական ճյուղի մոտ 40 տոկոսը:

Գիտնականների կարծիքով՝ կրծողները սկսում են սպառնալիք ստեղծել, եթե մեկ հեկտարին բաժին է ընկնում ավելի քան 1000 կրծող: Նորման հեկտարին մոտ 5 մուկն է:

Եթե մկները բավարար քանակով սնունդ ունենան, ապա առաջիկա ամիսներին նրանց պոպուլյացիան կարող է վտանգավոր մակարդակի հասնել, նախազգուշացրել են գիտնականները:

Մկներին Ավստրալիա են բերել եվրոպացիները: Այստեղ նրանք բնական մրցակիցներգրեթե չունեն, որը բերում է պոպուլյացիայի արագ աճի: