Ռուսական «Ռեկորդ» ընկերությունը պատրաստ է Երեւանի պետական համալսարանում տիեզերական տեխնոլոգիաների գիտական կենտրոն բացել: Ընկերության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Բեզբորոդովը NEWS.am-ին ասաց, որ ընկերությունն արդեն բանակցություններ է վարել Կրթության եւ գիտության նախարարության եւ ԵՊՀ-ի ռեկտորի հետ:

Նախարարությանն առաջարկել են դպրոցներում տիեզերական տեղեկատվության կենտրոններ ստեղծել, որպեսզի երեխաները արդեն ցածր եւ միջին դասարաններում տեսնեն, թե տիեզերքը, որպես գլոբալ տեղեկատվական բազա, ինչ օգուտներ է տալիս: Դրա օգնությամբ կարելի է օգտակար հանածոների, գյուղատնտեսության, տրանսպորտի, եղանակի, արտակարգ իրավիճակների մոնիթորինգ կատարել:

«Ռուսաստանում մենք արդեն այդպիսի դպրոցական կենտրոներ ստեղծել ենք Մոսկվայում եւ մի շարք շրջաններում: Օրինակ՝ Կիրովի մարզի դպրոցներից մեկում երեխաները, ըստ տեզերական նկարահանումների տվյալների, դպրոցի շենքի շուրջ նշել են բաց դիտահորերը, տրանսպորտի կանգառները, ստորգետնյա անցումները: Այդպիսի պարզ օրինակներով նրանք սկսում են տեսնել, թե ինչ օգուտ կարող են տալ տիեզերքից ստացված տվյալները»,- նշեց Բեզբորոդովը: