Այս տարի հայկական մշակույթը կարող է մեծ առաջընթաց ունենալ, եթե Մշակույթի նախարարությունը ասպարեզ հանի իսկական արվեստագետներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։

«Այս տարին հայ մշակույթի համար կարող է շրջադարձային լինել,եթե մեր Մշակույթի նախարարությունը կարողանա միայն մեկ խնդիր կյանքի կոչել. իսկական արվեստագետները այս 25 տարիների ընթացքում եղել են դիտորդի կարգավիճակում եւ չեն երեւացել, վերջապես հրապարակի վրա հայտնվեն նրանք, ովքեր ստեղծում են հայոց գրականություն, ովքեր ստեղծում են հայկական երաժշտություն, քանդակագործություն, ովքեր հայ արվեստի արարողներն են։ Եթե այս խնդիրը կարողանանք լուծել այս տարի, ապա մեծ վերելք է սպասվում հայկական մշակույթի ասպարեզում»,- ասաց նա։

Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ի տարբերություն Գրողների միության նախագահի, կարծում է, որ Մշակույթի նախարարությունից կախված չէ մշակույթի զարգացումը։

«Կարծում եմ՝ որեւէ ազգի մշակույթը երբեւէ կախված չի եղել Մշակույթի նախարարությունից։ Երբ որ կային Կոմիտաս, Մաշտոց, Նարեկացի, Մշակույթի նախարարություն գոյություն չուներ»,- նշեց Բաբայանը։

Ըստ նրա՝ նախարարությունը պարզապես պետք է խոչընդոտներ չստեղծի մշակութային գործիչների գործունեության համար. «Ղեկավարի ամենակարեւոր գործառույթը չխանգարելն է, թույլ տալ, որ նրանք ձեւավորվեն, չփորձել նրան ձեւել եւ չափել քո ձեւով, անհատը միշտ տարբերվում է քեզանից»։