Պաշտպանության նախարարությունը ներդրել է առաջնագծում սանիտար հրահանգիչների ինստիտուտ: Այս մասին այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«ԱՄՆ համապատասխան կառույցների հետ մենք վերապատրաստել ենք սանիտար հրահանգիչների, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերելու զինծառայողներին հենց առաջնագծում: ԱՄՆ մեր գործընկերների հետ 13 զինծառայող է վերապատրաստվել, որոնք պարբերաբար դասընթացներ են անցկացնելու այն ժամկետային ու պայմանագրային զինծառայողների համար, որոնք ունեն միջին բժշկական կրթություն: Սանհրահանգիչներն առաջինն են շփվելու առողջական խնդիր ունեցող զինծառայողի հետ առաջնագծում»,- ասաց նա:

Կամավոր Խաչատրյանի խոսքով` արդեն իսկ դեկտեմբերին նմանատիպ մասնագիտացում է ստացել 49 զինծառայող: