Քաղաքական դաշտում ԱԻՄ-ի դիրքորոշումը բավականին մոտ է դաշինքի մեջ չմտնող «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշման  հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ նշել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ իր կազմած դաշինքը Սեյրան Օհանյանի, Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Օսկանյանի եւ Արամ Սարգսյանի հետ միայն մեկ նպատակ ունի, այն է Հայաստանում հաստատել ժողովրդավարություն:

«Հայաստանում երբեք ընտրություններ չեն եղել, ես դրա փաստերը ունեմ եւ կարող եմ ներկայացնել։ Այս իրավիճակում կամ պետք է ընտրություններին չմասնակցենք, որը մենք նախկինում արել ենք, կամ էլ փորձենք այս համազգային միջոցառումը օգտագործել Հայաստանը ժողովրդավար դարձնելու  համար։ Մեզ առաջնահերթ անհրաժեշտը ժողովրդավարությունն է եւ եղած հայտարարությունների, ձեւավորվող միավորումների մեջ մենք հասկացանք, որ կա դաշինք, որի նպատակները տեղավորվում են ժողովրդավարություն հաստատելու մեր ծրագրի մեջ։ ԱԻՄ-ականների մի մասն այնքան էլ տրամադրված չէին, բայց հետո գերակշռեց այն կարծիքը, որ մենք պետք է առաջին քայլը անենք, հետո արդեն ակնհայտ կդառնա»,-ընդգծեց Հայրիկյանը:

Նրա խոսքով, իրենց նպատակը ընդհանուր ընդգրկման դաշինք ստեղծելն է եւ այդ դաշինքով արմատական փոփոխությունների հասնելը. «Չգիտեմ համընկել է, մենք ենք իրենցից վերցրել, թե իրենք մեզնից, բայց հիմա մեր դիրքորոշումը բավականին մոտ է դաշինքի մեջ չմտնող «Ժառանգության» դիրքորոշման  հետ, որն է ժամանակավոր անցումային փուլ ունենալ, հետո հաստատել ժողովրդավարություն»:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ որոշ հանրապետականներ, այդ թվում նաեւ Հովիկ Աբրահամյանը, հեռացել են ՀՀԿ-ից, քանի որ  բանական մարդիկ են եւ հասկանում եմ, որ կամ պետք է հեռանային կամ էլ փոխեին իրենց նախագահին։

Սակայն Հայրիկյանը նաեւ չի բացառում, որ այս ամենը ձեւական բնույթ է կրում. «Ես մի քանի օր առաջ օրինակ բերելու համար ասացի, եթե Հովիկ Աբրահամյանը գա, պիտի ասենք՝ չէ՞: Բայց ես իրեն նկատի չունեի, ես նկատի ունեի բոլոր նախկին պաշտոնավորներին։ Որը որ գա, պիտի ասենք այո»: