Եթե չկա ժողովրդավարություն, քաղաքական դիրքորոշումը ոչ մի օգուտ չունի։ Պետք է լույս լինի, որ կարողանաս ծիածանի բոլոր գույները տեսնել, խավարում ոչինչ չի երեւում: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով նրան, որ լինելով արեւմտամետ գործիչ, դաշինք է կազմել ռուսամետ ուժերի հետ:

Լրագրողի հարցին, թե նախկինում գաղափարական տարաձայնություններ ունենալը արդյոք չի խանգարում նրան այս կամ այն քաղաքական ուժի հետ դաշինք կնքելուն, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց, որ առանց ժողովրդավարության քաղաքական դիրքորոշումը նշանակություն ունենալ չի կարող։

«Եթե չկա ժողովրդավարություն, քաղաքական դիրքորոշումը ոչ մի օգուտ չունի։ Պետք է լույս լինի, որ կարողանաս ծիածանի բոլոր գույները տեսնել, խավարում ոչինչ չի երեւում։ Մենք պետք է պայքարենք, որ լույս լինի, որ հետո ես ներկայանամ իմ կապույտ գույնով, սոցիալիստը ներկայանա իր կարմիր գույնով եւ այլն»,-ասաց նա։

Նրա խոսքով, ՀՀԿ-ն համագործակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հետ, բայց այն ինչ անում է Հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ հակասում է ԵԺԿ դիրքորոշումներին ու սկզբունքներին. «Երբ ՀՀԿ-ն հրաժարվեց Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, առողջ բանականություն ունեցող հանրապետականները պետք կամ փոխեին իրենց նախագահին կամ էլ դուրս գային։ Սակայն պետք չէ շատ միամտանալ, հնարավոր է, որ հանրապետականները տրոյական ձիերի դեր տանեն»:

Հիշեցնենք, որ օրերս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան կազմած դաշինքին։