ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 25-ին  ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) փոխնախագահ, Կովկասի, Միջին Ասիայի, Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի հարցերով տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը եւ նրանց հետ քննարկել «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը: Հանդիպման նպատակն էր քննարկել  «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը: Տիկին Վիտտը գոհունակությամբ է նշել, որ նախորդ տարի Հայաստան այցելած KFW բանկի առաքելությունն իրականացրել է ծրագրի դրական գնահատում,  եւ նախարարին խնդրել է ներկայացնել վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած   ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը:

Նախարար Լոքյանն ընդգծել է, որ փաստաթղթի ընդունմանը նախորդել է ակտիվ քննարկումների փուլ բնապահպանական կառույցների, մարզպետարանների եւ համայնքապետարանների ներկայացուցիչներ հետ: Փաստաթղթի մշակման գործում նախարարը կարեւորել է նաեւ եվրոպացի փորձագետների խորհրդատվությունն ու տեխնիկական օժանդակությունը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վանաձորում աղբահանության ծրագրի իրականացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցը: Բանկը պատրաստակամություն է հայտնել ծրագրի իրականացման եւ տեխնիկական աջակցության համար ապահովել  փորձագետների ներգրավումը: