Առանց դրսի խոշոր ներդրումների մենք տնտեսական էական աճ չենք ապահովի: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Հարցին, թե վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տնտեսության որ ոլորտներում է աշխուժացում նկատվել, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Փոփոխությունների նախահիմքեր կան. Հատկապես, այս պահին ես տեսնում եմ տեքսիլ արդյունաբերության ոլորտի նկատմամբ մեր նոր մոտեցումները եւ ներդրումների աշխուժացում, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ծավալների մեծացման ուղղությամբ, եւ ամենակարեւորը՝ ներդրումների ներգրավման, ներդրումային դաշտի բարելավման: Ես մի քանի անգամ ասել եմ, որ առանց դրսի խոշոր ներդրումների մենք տնտեսական էական աճ չենք ապահովի: Ես ողջունում եմ պաշտոնական այցի ժամանակ Մոսկվայում մշակված հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը: Դա շատ կարեւոր է»: