Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Blue Panorama ավիաընկերության հիմնադիր Ֆրանկո Պեչիի գլխավորությամբ Հայաստան ժամանած աշխատանքային խմբին:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը գործընկերների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին, ներկայացրել՝ ոլորտում արձանագրված ցուցանիշները,  առանձնահատկությունները, ինչպես նաեւ նշել է, որ 2016թ. դեկտեմբերի 1-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է մանդատը, որը Եվրոպական Միության հանձնաժողովին թույլ է տալիս սկսել Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները, հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները եւ դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը:

Blue Panorama ավիաընկերության հիմնադիրը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության` միեւնույն ժամանակ շեշտելով ոլորտի առավել մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով հետաքրքրվածությունը ՀՀ ավիացիոն շուկայով, հայտնել է համագործակցության պատրաստակամությունը: