Ծնողները պետք է համոզվեն, որ կրթության որակը կախված է նրանից՝ երեխաների գնահատականները dasaran.am-ում կա՞ն, թե՞ չկան: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
Նրա տարածած հաղորդագրությունում ասվում է.
«2 օր առաջ մի խումբ ծնողների մտահոգության առնչությամբ հրապարակել էի «Dasaran.am կայքում ժամանակին լրացրեք սովորողի ստացած միավորները» վերնագրով հոդված, որն ինձ ստիպեց ուսումնասիրել խնդիրը: Եղա «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունում, որն իրականացնում է dasaran.am ծրագիրը:
Ի՞նչ է dasaran.am-ը, սա Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցների էլեկտրոնային կառավարման շատ դինամիկ գործիք է, որը մեկ շաբաթվա կտրվածքով տեղեկություններ է տալիս այդ դպրոցներում եղած աշակերտների թվի փոփոխության, նրանց ստացած գնահատականների, բացակայությունների, աշակերտներին տրված տնային հանձնարարությունների մասին: Ծնողները, որքան էլ զբաղված լինեն ու չկարողանան հաճախ այցելել դպրոց, այս կայքի միջոցով կարող են հետեւել իրենց երեխաների առաջադիմության ընթացքին, որը հանգիստ կարող է փոխարինել ավանդական օրագրին:
Ծնողների ուշադրությունն եմ հրավիրում dasaran.am-ի շատ կարեւոր գործոնի վրա, այն անմիջապես վեր է հանում բոլոր գնահատականները, որոնք չի ստացել սովորողը, ինչպես նաեւ այս գործիքի միջոցով ուսուցիչը, դասղեկն ու տնօրենը կարող են բոլոր ծնողներին հասցնել իրենց ասելիքն ու հայտարարությունները: Այն իրականացնում է ժողովրդագրական տվյալների վերլուծություն՝ շաբաթվա, ամսվա, կիսամյակի եւ տարեկան տվյալների հիման վրա, որը դպրոցների գործունեության վերահսկման համար շատ կարեւոր է: Այն շատ կարեւոր գործիք կարող է լինել ՀՀ կառավարության, ԿԳ նախարարության, մարզպետարանների եւ Երեւան քաղաքի կրթության վարչությունների համար, եթե, իհարկե, իրենք դա կարեւորում են:
Եթե տնօրենները տիրապետեն այս գործիքին, ապա իրենք կաշխատեն ավելի արդյունավետ: Dasaran.am կայքում մեծ ուշադրություն են դարձնում խաղայնացված կրթությանը, որի նպատակն է երեխաների մեջ խթանել գիտելիքն ու առողջ մրցակցությունն այս դաշտում: Սակայն Հայկական կրթական միջավայրի ֆորումի էջում (http://forum.armedu.am/showthread.php/1298) այս թեմայով հանդիպեցի ուսուցիչների բանավեճի, որի ընթացքում նրանք չեն թաքցնում իրենց դժգոհությունն այն առթիվ, որ կրկնակի աշխատանք են կատարում, երբ մատյանի տվյալները փոխանցում են dasaran.am կայք: Ըստ http://yerkirmedia.am/social/levon-mkrtchyan-dasaran-am-matyan/ կայքէջի՝ ԿԳ նախարարն ասում է, որ ուսուցիչները շուտով ստիպված չեն լինի մատյանը լրացնելու գործընթացը կրկնակի կատարել: Չգիտեմ, թե այդ շուտովը երբ է լինելու, սակայն սա լրացուցիչ աշխատանք է, որի համար ուսուցիչները ոչ մի իրավական նորմով չեն վարձատրվում բավական չէ, հաճախ տանը չունեն համակարգիչ ու ինտերնետ կապ, ստիպված դպրոցում պիտի այդ գործն անեն, իսկ դպրոցում նույնպես տարբեր տեխնիկական խնդիրներ կան: Այս ամենը հնարավոր կլինի այն դեպքում, եթե բոլոր դասասենյակներում լինի համակարգիչ եւ հասանելի ինտերնետ կապ (գրում է Գայանե Սիմոնյանը): Ուսուցիչները բողոքում են նաեւ dasaran.am ծրագրի կողմից կիսամյակային եւ տարեկան գնահատականների հաշվարկման եղանակից՝ կոնկրետ օրինակի վրա ցույց տալով, թե կայքի տարեկան գնահատականն արհեստականորեն բարձրացվել է, որի հետ համաձայն չէ ուսուցիչը:
Բանավեճում առկա է նաեւ ուսուցչուհի Սվետլանա Քոչինյանի հետեւյալ գրառումը. «Ենթադրենք, որ բոլոր դասասենյակներում լինի ցանցին միացած ինտերնետ կապ, որը շատ անհավանական է։ Ինչ եք կարծում, որքանով կարող եք պահպանել գնահատման նորմաները,եթե դասարանում 35 եւ ավելի աշակերտ կա եւ էջը բացվում է ոչ լրիվ՝ երկու մասով,չես տեսնում նախորդ ամսվա գնահատանիշերը, չգիտես ում գնահատես, քանի գնահատական ունի աշակերտը եւ սկսում ես էջերը ետ ու առաջ տանել։Եվ դարձյալ առանց թղթի չես կարող տեսնել ամբողջական պատկերը...մի խոսքով այս ամենը միայն խանգարում են ուսուցչին եւ նրա թանկ ժամանակը վատնում ոչ էական պրոցեսների շուրջ»:
Կարծում եմ, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության, «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի եւ ԿԳ նախարարի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը, որով նախատեսվում է բարելավել Հայաստանում կրթության որակը, պարտավորեցնում է պարոն Ալոյանին լսել ուսուցիչների մտահոգությունները, առաջարկներն ու նրանց գործը դժվարացնելու փոխարեն հեշտացնել, առանց այն էլ մեր ուսուցիչներն իրենց աշխատանքի դիմաց ստանում են նվաստացուցիչ աշխատավարձ:
Եվ ամենակարեւոր հարցը, dasaran.am կայքն այս տարվանից ֆինանսավորվում է Պետական բյուջեից, 2017-ին նրան տրվելու է 60 մլն դրամ, հետեւապես «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունից հասարակության ակնկալիքներն ավելի տեսանելի պետք է լինեն ու արդյունավետությունը՝ երաշխավորվող: Որպես կրթության փորձագետ՝ նկատեմ, որ dasaran.am –ը շատ կարեւոր ներդրում է անում մեր ոլորտում, այն նոր մոտեցումներ, հմտություններ ու կարողություններ է ակնկալում թե՛ տնօրեններից, թե՛ ուսուցիչներից, եւ հավատում եմ, որ դրանք կօգնեն կրթության ոլորտի արդյունավետության մշտադիտարկմանն ու հավասար հնարավորություններ կապահովեն յուրաքանչյուր երեխայի կրթությունը հասանելի դարձնել նրա առանձնահատկություններին ու կարողություններին համապատասխան:
Վերջում ավելացնեմ, որ սա ԱԺ-ում 2014թ. դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջն է:




























