Դիվանագիտական բնագավառում Հայաստանի առաջիկա անելիքներից մեկը պետք է լինի Լեռնային Ղարավբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը։ Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։

«Թեպետ ներկայումս ԼՂՀ փոխարեն բանակցությունները վարում է Հայաստանը, սակայն կգա մի օր, երբ հակամարտության կարգավորման շուրջ կբանակցի հենց Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանը, ուզի, թե չուզի դա, մի օր բանակցություններ է վարելու Ղարաբաղի հետը»,- վստահություն հայտնեց նա՝ Հայաստանի կողմից ԼՂՀ փոխարեն բանակցություններ վարելը դիտարկելով իբրեւ հայկական կողմի էական փոխզիջում։ Երկրորդ փեխզիջում Դավթյանը համարեց Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը չճանաչելու փաստը։ «Բանակցային գործընթացի առանցքը Ղարաբաղի կարգավիճակն է։ Հայաստանը Ղարանբաղը չի ճանաչում միայն մի պատճառով՝ բանակցային գործընթցին չխանգարելու համար»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Ամփոփելով՝ Դավթյանն ընդգծեց. «Մեզ մոտ պետք է արմատանա այն գաղափարը, որ ԼՂՀ հայկական երկրոդ պետություն է, այլ ոչ՝ Հայաստանի մարզերից մեկը»։