ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ առաջնային էր համարել անօրինական ծառահատումների դեպքերի բացառումը:
Նախարարը հայտարարել էր, որ ապօրինի ծառահատումները կանխարգերելու համար խստացված միջոցառումներ են իրականացվելու, իսկ անտառի պահպանման աշխատանքներում թերացողները կենթարկվեն պատասխանատվության:
«Դիլիջան» ազգային պարկում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ապօրինի ծառահատումների եւ փայտանյութի ձեռք բերման ու տեղափոխման դեմ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով բնապահպանական պետական տեսչության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ եւ գործուղվել ՀՀ Տավուշի մարզ:
Արծվիկ Մինասյանը նաեւ գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում աջակցել Բնապահպանական պետական տեսչությանը եւ պարկի հարակից մայրուղիներում իրականացվող ուժեղացված վերահսկողության միջոցառումներին ներգրավել նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:




























