Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանի տնտեսական եւ կառավարչական առանցքային ոլորտներում արագ եւ հիմնափոխ հաղթանակների ձեռք բերման Կենտրոնի տեսլականը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետանի Մոսկվա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի աշխատանքային հանդիպման ընթացքում:

Կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի անդամները համաձայնել են միավորել իրենց ջանքերը ներկայացված գաղափարի շուրջ: 

Արագ հաղթանակներն արդյունավետ, մեծ ֆինանսական եւ համակարգային փոխոխություններ չպահանջող, իրականացման սեղմ ժամկետներ ունեցող թիրախային ծրագրեր են, որոնց արդյունքում քաղաքացիների համար շոշափելի դրական տեղաշարժեր կլինեն՝ Կենտրոնի համար ներկայումս նախանշված թիրախային ոլորտներում, այն է՝ հանրային կառավարում, հարկային եւ մաքսային վարչարարություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն եւ վերամշակում, կրթություն, զբոսաշրջություն: Կենտրոնն առաջիկայում կներկայացնի իր ռազմավարությունը՝ հիմնված արագ հաղթանակների տեսլականի վրա:

Միաժամանակ, Կենտրոնում մշակվում են հիմնարար ռազմավարական բարեփոխումներին ուղղած երկարաժամկետ ծրագրեր, որոնք ամուր հիմք կստեղծեն Հայաստանի կայուն եւ դինամիկ զարգացման համար:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է պետական եւ ոչ պետական ոլորտների ներկայացուցիչներից:

Հոգաբարձուների խորհրդի ոչ պետական հատվածը ներառում է ներկայացուցիչներ գործարար եւ հասարարական ոլորտներից, ում գործունեության ուղղությունը միտված է դեպի Հայաստան, իսկ գործունեության աշխարհագրությունը տարածվում է Հայաստանի սահմաններից շատ ավելի հեռուն՝ Հայաստանից մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Արգենտինա, Ռուսաստանից մինչեւ Միացյալ Թագավորություն: