Հայաստանի ՊՆ-ում կկայանա կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում կամփոփվեն 2016-ի աշխատանքները։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, նիստի ընթացքում գնահատական կտրվի ստորաբաժանումների աշխատանքին, կնշվեն ձեռքբերումները ու բացթողումները, կանդրադառնան Հայաստանի ԶՈւ ձեւավորման 25-ամյակի տոնակատարությունների նախապատրաստմանը։
«Այսօր կոլեգիայի նիստից հետո գնալու ենք դիտելու «Կյանք եւ կռիվ» ֆիլմի երկրորդ մասը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ: Կարծում եմ՝ շատ արդիական, շատ լավ ֆիլմ է, որը պատմում է բանակի խնդիրների, զինված ուժերի, սպայական անձնակազմի, ծառայության խնդիրների եւ հասարակության հետ բանակի հարաբերությունների ընթացքի մասին»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Բանակի օրը՝ հունվարի 28-ի առավոտյան ծրագրված է այցելություն Եռաբլուր։ Հետո նախագահական նստավայրում կանցնի պարգեւատրման արարողությունը։ Երեկոյան Օպերայի ու բալետի պետական թատրոնում կկայանա համերգ։ Հունվարի 29-ի առավոտյան Էջմիածնում պատարագ կմատուցվի։




























