«Ելքը» մրցակից չէ հզոր քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքներին: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, գնահատելով քաղաքական դաշտում ձեւավորվող դաշինքների ազդեցությունն ու նշանակությունը ընտրություններին՝ միայն հանդիպման ընթացքում տեղեկանալով «Ելք» դաշինքի գոյության մասին:

«Ելքի» շանսերը մեծ չեմ գնահատում: Ծառուկյանն է հզոր գործիչ, շատ հզոր քաղաքական գործիչ է: Մեր շանսերն էլ են մեծ: Օսկանյանի ամենամեծ պլյուսն էլ նրանում է, որ նա սփուռքամետ է: Դաշտում բոլորը կամ ռուսամետ են կամ արեւմտամետ ու դա ճիշտ չէ: Սեյրան Օհանյանն էլ է ժողովրդի համար մտածող ու նրա նախկին իշխանավոր լինելը ոչինչ չի նշանակում: Բոլորի վրա պետք չէ կեղտ ման գալ»,-ասաց նա:

Տիգրան Կարապետյանի խոսքով՝ ինքը կողմ է «գերդաշինք» ստեղծելուն ու մեծ ցանկություն ունի, որ Օհանյանի գլխավորած դաշինքը, որի կազմում է նաեւ իր գլխավորած Ժողովրդական կուսակցությունը, միանա Ծառուկյանի կազմած դաշինքին. «Ծառուկյանը հզոր է, ուժեղ քաղաքական գործիչ է: Դաշինքների միավորումը ու գերդաշինք ստեղծելը հիանալի տարբերակ է: Ես կողմ եմ գերդաշինքներին, միայն այդպես կարող ենք հասնել իշխանափոխության»:

Հիշեցնենք, որ «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին, որին հետո միացել էին ԱԻՄ-ը եւ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը: Այս դաշինքի համամասնական ցուցակը, ամենայն հավանականությամբ, ընտրություններում կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: