Հայկական բանակը ձեւավորման բարդ ճանապարհ է անցել, բայց դեռ հաղթահարված չեն բոլոր խնդիրները։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նա նշեց, որ բանակի ձեւավորումը ողջ հայ ժողովրդի հաղթանակն ու ձեռքբերումն է, որը շատ մեծ ջանքերի գնով տրվեց։

«1990թ. սեպտեմբերի 14–ին Կառավարության որոշումով հատուկ գունդը ձեւավորվեց ՆԳՆ կազմում, քանի որ ՆԳՆ–ում կային բոլոր անհրաժեշտ տեխնիկաները։ Դա մեզ թույլ տվեց դեռեւս Խորհրդային Միության կազմում լինելով՝ սկսել բանակաշինության գործընթացը։ Մենք չունեինք նաեւ սպայական կազմ։ Երբ իմ շտաբը ձեւավորեցի, ես ունեի 4 սպա, մյուսները ՆԳՆ սպաներ էին։ Առանձնահատկությունն այն էր, որ մենք բանակը ձեւավորում էինք ներքեւից վերեւ, մյուս կողմից էլ ընթանում էին մարտական գործողություններ, մենք ամեն ինչի պակաս ունեինք, օրինակ՝ Սիսիանի ջոկատն ուներ 57 հոգի եւ 27 ավտոմատ, Մեղրիի ջոկատը՝ 44 հոգի, 20 ավտոմատ, Տավուշինը՝ 55 հոգի, 29 ավտոմատ։ Ինչից մենք սկսեցինք եւ ինչի հասանք։ Սրա հիման վրա ստեղծվեց բանակի առաջին կառույցը։ Գործողությունները մտան երկրորդ փուլ, երբ մայիսի 6–ին ձեւավորվեց Պաշտպանության կոմիտեն, ես նշանակվեցի ՊԿ նախագահի առաջին տեղակալ։ Եվ երրորդ՝ վերջնական փուլը եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ հունվարի 28–ին, երբ Վազգեն Սարգսյանը ստորագրեց առաջին հրամանը»,– պատմեց նախկին նախարարը։

Նա նշեց, որ թեեւ այժմ բանակում դեռ առկա են որոշ խնդիրներ, բայց դրանք զգալիորեն պակասել են տարիներ առաջվա համեմատ եւ հաշվի առնելով իրավիճակը՝ շատ չեն։