Բոլոր ներկաները մի օր դառնալու են նախկին, նախկին պաշտոնյա լինելը՝ հանցանք չէ, դուրս գալը նույնպես: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով ներկայումս ընդգրկվել է Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ստեղծվող դաշինքի կազմում:
Նա չի ընդունում տեսակետը, թե Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դաշտ մտնելը լավ մտածված խաղ է. «Նախկին պաշտոնյա լինելը հանցանք չի, իշխանության մեջ լինելը, հետո դուրս գալը հանցագործություն չի: Բոլոր ներկաները մի օր դառնալու են նախկին: Մենք էլ ենք ցանկանում փոփոխություններ մտցնել դաշտ, հավասարություն ու արդարություն ենք ցանկանում»:
Պաշտպանության նախկին նախարարի ընդդիմադիր դառնալու հանգամանքը «Ելք» դաշինքի կազմում ընդգրկված «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը համարում է նրա հերթական խաղը եւ կարծում է, որ սա կուտակած ունեցվածքը պահպանելու միջոց է միայն:
«Սրանք խաղեր են: Այս մարդիկ գնում են այլ ճամբար, որպեսզի կարողանան իրենց կուտակած ունեցվածքը, հարստությունը պահպանեն: Երբ ինձ մեկ անգամ խաբում են, մեղավորը խաբողն է, բայց երբ ես խաբվում եմ երկրորդ անգամ, դա արդեն իմ մեղքն է դառնում»,-ասաց նա:
«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Կարինե Հակոբյանն էլ կարծում է, որ ՀՀԿ-ականների դուրս գալը կուսակցությունից ընդամենը արհեստական ընդդիմության ստեղծում է. «Երկու, երեք ամիս առաջ դուրս են եկել ու կուսակցություններ են հիմնել: Նորմալ է կուսակցության ընդդիմություն-իշխանություն-ընդդիմություն հերթափոխը, սակայն ոչ ընտրություններից ամիս առաջ: Հերթափոխը ժողովրդավարական կուսակցության բնականոն ընթացք է, եւ խնդրում եմ մեզ այդ հարթության մեջ մի դրեք: Մենք տարիների կենսագրություն ունենք ու այդ հերթափոխի իդեալական օրինակ ենք»:
Ազատ Արշակյանի խոսքով՝ իրենց բոլորի ուզածը մեկն է՝ ազատ ու անկախ ընտրությունների անցկացումը եւ առաջարկեց սատար կանգնել միմյանց. «Ես ձեզ, իմ երկու գործընկերներին հիմա առաջարկում եմ համագործակցություն՝ ազատ, անկախ ընտրություններ անցկացնելու համար: Իմ կողմից ես առաջարկում եմ, իմ ամբողջ համակրանքը եմ հայտնում եւ «Ելքին», եւ «Հայկական վերածնունդին»:



























