2016 թվականը հատկապես առանձնացավ 1994թ. հաստատված եռակողմ զինադադարից ի վեր ԼՂ հակամարտության աննախադեպ թեժացմամբ եւ ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողություններով: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության շրջանակներում 2016թ. Հայաստանի պաշտպանական գերատեսչության գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում:

Նշվել է, որ 2016թ. ընթացքում, ինչպես եւ նախորդ տարիներին, հիմնական ջանքերն ուղղորդվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի եւ դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, զինված ուժերի զարգացմանը, ինչպես նաեւ ներգրավմանը միջազգային կայունության եւ անվտանգության գործողություններին:

Վերահաստատվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է ակտիվորեն կյանքի կոչել պաշտպանության ոլորտի բարեփոխումները եւ իրականացնել միջազգային ռազմական համագործակցության, խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի ներկայացուցիչների հարցերին: