«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակը կամբողջանա հաջորդ շաբաթ, վերջին շտրիխներն են հստակեցվում: «Ժառանգության» նախկին պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը կառաջադրվեն կուսակցության տարածքային ցուցակով: Նրանք այս մասին կհայտարարեն հաջորդ շաբաթ: Ստեփան Սաֆարյանը NEWSa.am-ի հետ զրույցում ասաց` դեռ որոշ դետալներ քննարկվում են:
«Համագործակցության հավանականությունը մեծ է, առաջիկա օրերին վերջնական պարզ կլինի: Ինչ վերաբերում է կուսակցությանը անդամագրվելուն, այդ հարցը ընտրություններին մասնակցելու հիմնական առաջարկի փաթեթի մեջ չի եղել, բայց քննարկում եղել է, և որոշել ենք չշտապել ու ժամանակից առաջ անցնել: Ի վերջո առուն չանցած պետք չէ հոպ ասել: Մյուս կողմից էլ 5 տարվա համատեղ ճանապարհը խորհրդարանում, եթե հաղթանակ արձանագրենք, իհարկե, արդեն նշանակում է նույն թիմի մեջ լինել, անկախ կարգավիճակից, ու նաև ընտրողից զատ ու հավասար հաշվետու լինել Ազատ դեմոկրատներ կուսակցությանը:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ առաջարկի պայմանների մեջ է եղել տարածքային ցուցակով առաաջադրվելը: Ստեփան Սաֆարյանը ամենայն հավանականությամբ կառաջադրվի Զեյթուն- Ավան-Նոր Նորք ընտրական տարածքում:



























