Ինչպես տեսնում եք Գայանե Սողոմոնյանը դեռ աշխատում է քաղաքապետարանում: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք հնարավո՞ր է, որ Իշխան Զաքարյանի կինը, որը ՀՀԿ անդամությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, ազատվի Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի պաշտոնից:

«Ինչպես տեսնում եք, դեռ աշխատում է մեզ մոտ: Բացի այդ, նա մեր թիմից դեռ չի հեռացել»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ի անդամությունից դուրս գալու դիմումը ձեւական բնույթ էր կրում, Տարոն Մարգարայանը պատասխանեց. «Իրեն կհարցնեք»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վերահսկիչ պալատի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի որդին եւ կինը՝ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը դիմում են գրել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Իսկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը դարձել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ ու այժմ գտնվում է արձակուրդում: