Մեր նպատակն է մինչեւ գարուն ունենալ գյուղտեխնիկա ներմուծող, որպեսզի սկսենք գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի եւ ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետի տեղակալ Տիգրան Փարսադանյանը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD), վարկային մի շարք կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի այսօրվա կարեւորագույն խնդիրներից մեկը գյուղտեխնիկայի վերազինումն ու արդիականացումն է: Քանի որ առկա տեխնիկան մաշվածության պատճառով թույլ չի տալիս ապահովել ոլորտում բարձր բերքատվություն, մենք այժմ կազմակերպում ենք հանդիպումներ  տարբեր ընկերությունների հետ` նրանց արտադրանքին ավելի մանրամասն ծանոթանալու եւ  մատչելի գներով ձեռք բերելու համար: Մեր նպատակն է մինչեւ գարուն ունենալ գյուղտեխնիկա ներմուծող, որպեսզի սկսենք գյուղատնտեսական աշխատանքները», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը` հավելելով, որ այս հարցում հայկական կողմը պատրաստ է քննարկել եւ մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ:

Հանդիպման ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նախագիծ, որը մասամբ սուբսիդավորվելու է պետության կողմից, որպեսզի վերջնական շահառուին գյուղտեխնիկան հասնի մատչելի գներով:   

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաեւ նշել է, որ ներկայումս Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել մեքենա-տրակտորային կայան (ՄՏԿ), որը կսպասարկի երկրի բոլոր մարզերի ֆերմերային տնտեսություններին: Նախարարի խոսքով` ՄՏԿ ստեղծման համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ցանկն արդեն իսկ պատրաստ է եւ կտրամադրվի բոլոր շահագրգիռ ընկերություններին ուսումնասիրության եւ գնային առաջարկներ ներկայացնելու  համար:  

«Եթե մենք կարողանանք ներմուծել բարձրակարգ գյուղատնտեսական տեխնիկա, ապա կկարողանանք  20-30 տոկոսով բարձրացնել ոլորտի արդյունավետությունը եւ մեր ներքին արտադրանքը դարձնել ավելի մրցակցային», - ընդգծել է Իգնատի Առաքելյանը:

Նախատեսվում է նաեւ Հայաստանում բացել ներմուծող ընկերությունների ներկայացուցչություններ եւ սպասարկման կենտրոններ, ինչպես նաեւ ֆերմերների համար կազմակերպել ուսումնական դասընթացներ:

Հյուրերի տեղեկացմամբ որոշ ռուսաստանյան ընկերություններ շահագրգռված են նաեւ Հայաստանում կազմակերպել տրակտորների հավաքում:

Հանդիպման ընթացքում ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչները համառոտ ներկայացրել են իրենց գործարաններում արտադրվող տեխնիկան եւ հույս հայտնել, որ հայկական կողմին կհետաքրքրի առաջարկվող արտադրանքը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ բոլոր ներկայացված առաջարկներն ու վաճառքի պայմանները հանգամանորեն կուսումնասիրվեն եւ արդյունքները առաջիկայում կներկայացվեն ռուսական կողմին: